Մայիս 22, 2024 17:00 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ ՝Ռայիսիին հրաժեշտ տալու համար Թեհրան են ժամանել շուրջ 60 օտարերկրյա պատվիրակություններ

Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրաժեշտի արարողությանը մասնակցում է շուրջ 60 օտարերկրյա պատվիրակություն։ Հաղորդում է IRNA գործակալությունը։

Արարողությունը տեղի է ունենում Թեհրանում՝ Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի ներկայությամբ:

Ավելի քան 10 պատվիրակություններ ներկայացված են պետությունների ղեկավարների մակարդակով, 20-ը՝ նախարարների, իսկ մյուսները՝ տարբեր մակարդակներով, այդ թվում՝ խորհրդարանի ղեկավարների, հատուկ պատվիրակների և այլն։

Որոշ երկրների ղեկավարներ, օրինակ՝ Թունիսի նախագահ Կաիս Սաիդը, առաջին անգամ են այցելել Իրան։

Նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թեհրան են ժամանել նաև Պակիստանի վարչապետը, Տաջիկստանի նախագահը, ՌԴ պետդումայի նախագահը, Լիբանանի խորհրդարանի խոսնակը, Իրաքյան  Քրդստանի նախագահը և վարչապետը, Եգիպտոսի արտգործնախարարը և այլք։

Մայիսի 23-ի կեսօրին նախագահ Էբրահիմ Ռայիսին կհուղարկավորվի Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում, որտեղ գտնվում է Իմամ Ռեզայի դամբարանը։

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։ Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել։

 

Պիտակ