Հունիս 05, 2024 09:31 Asia/Tehran
  • Իրանը, Չինաստանը և Ռուսաստանն Արևմուտքին կոչ են անում կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները

Նշելով, որ ՀԳՀԾ-ի դրույթները շարունակում են գործել, Իրանը, Չինաստանը և Ռուսաստանն Արևմուտքին կոչ են անում կատարել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի եռամսյակային հանդիպման ժամանակ ներկայացված եռակողմ հայտարարության մեջ ասվում է․ «Թեհրանը, Պեկինն ու Մոսկվան  մշտապես եղել են ՀԳՀԾ-ի աջակիցները։

Եվ մեր վերաբերմունքը չի փոխվել նաև 2018-ից հետո, երբ ԱՄՆ-ն անօրինական կերպով դուրս եկավ ՀԳՀԾ-ից, իսկ հակաիրանական անօրինական պատժամիջոցների և առավելագույն ճնշման քաղաքականության  կիրառումը բեկումնային դարձան այս համաձայնագրի համար»։ 
Հայտարարությունը ներկայացրել է Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ, դեսպան Միխայիլ Ուլյանովը։
Նշելով, որ երեք երկրները ոչ մի ջանք չեն խնայել ՀԳՀԾ-ի վերականգնման ուղղությամբ, հայտարարության մեջ ասվում է․ «Վիեննայում կայացած բանակցությունների 8 փուլերի արդյունքում, Թեհրանը, Պեկինն ու Մոսկվան  հայտարարեցին իրենց պատրաստակամությունը՝  համաձայնության գալ 2022 թվականի օգոստոսի տեքստի հիման վրա»։ 
Հայտարարության մեջ նաև ասված է․ «ՀԳՀԾ-ի մյուս կողմերը՝ Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան, ինչպես նաև Միացյալ Նահանգները, չնայած իրենց խոստումներին, այլ ճանապարհ ընտրեցին և  քաղաքական նկատառումներից ելնելով, անտեսեցին համաձայնագրի կիրառումը վերսկսելու մեր ընդհանուր նպատակը։ Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը համոզված են, որ ՀԳՀԾ-ի դրույթները շարունակում են գործել Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի շրջանակներում։ Եվ ժամանակն է, որ արևմտյան երկրները քաղաքական կամք դրսևորեն և անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն ՀԳՀԾ-ի իրագործումը վերսկսելու ուղղությամբ»։ 
  2021թ դեկտեմբերի 27-ից 4+1 խմբի, Եվրամիության և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ, Վիեննայում կայացել է ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունների 8 փուլ։ 
Բանակցություններին անուղղակիորեն ներկա է եղել նաև ամերիկյան պատվիրակությունը։ Բանակցությունները փակուղի մտան մի շարք պատճառներով, այդ թվում՝ գործողությունների հակասությունը, որոշումների կայացման ձգձգումը և ամերիկյան կողմի նոր պահանջները։
ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների ընթացքը ցույց տվեց, որ չնայած դիվանագիտական  հայտարարություններին, ԱՄՆ-ն չունի քաղաքական կամք՝ վերադառնալու համաձայնագրին և փոխհատուցելու նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հակաիրանական ձախողված քաղաքականության հտևանքները։ 
Իսկ Իրանը, որպես պատասխանատու երկիր, մշտապես  հայտարարել է, որ պատրաստ է կնքել կայուն և հուսալի համաձայնագիր, որը երաշխավորված կերպով կվերացնի պատժամիջոցները և ապագայում Իրանի դեմ ուղղված շահարկումների առիթ չի դառնա։

Պիտակ