Չինաստանի ԱԳ նախարար․ Մենք հարգում ենք Իրանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը
(last modified 2024-06-10T12:52:12+00:00 )
Հունիս 10, 2024 16:22 Asia/Tehran

Պարսից ծոցում գտնվող իրանական եռյակ կղզիների վերաբերյալ ԱՄԷ-ի դիրքորոշումը կիսելուց հետո, Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին հայտարարել է, որ Պեկինը հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։

Այս մասին նա ասել է ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում կայացած ԲՐԻԿՍ խմբի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Բաղերի Քանիի հետ հանդիպմանը։ 

Չինաստանի կողմից եռյակ կղզիների վերաբերյալ ԱՄԷ-ի դիրքորոշումը կիսելն, այն էլ Բահրեյնում  Արաբական լիգայի հրապարակած բանաձևից հետո, հարցեր էր առաջացրել Իրանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Պեկինի դիրքորոշման կապակցությամբ։

Արձագանքելով Պեկինի դիրքորոշմանն, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին Դոհայում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների 160-րդ հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ Իրանի վերաբերյալ դրույթները որակել է  որպես ոչ կառուցողական և անպտուղ։

Նա  հայտարարել է․ «Աբու Մուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ կղզիներն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անբաժան և հավերժ մասն են։ Եվ այս կղզիների վերաբերյալ ցանկացած պնդում Իրանը համարում է միջամտություն իր ներքին գործերին և դատապարտում է»։