Իրանի պաշտպանական դոկտրինում միջուկային զենքը տեղ չունի
Արձագանքելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Եվրոեռյակի համատեղ հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ այն անհիմն է և պարունակում է կեղծ պնդումներ։
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է․ «Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի միջուկային ծրագիրը մշտապես կրել է խաղաղ բնույթ, և միջուկային զենքը տեղ չունի Իրանի ռազմական և պաշտպանական դոկտրինում»։
Հայտարարության մեջ ասված է․ «Իրանը վճռական է՝ իր իրավունքների և պարտականությունների շրջանակներում շարունակել կառուցողական փոխգործակցությունն ու տեխնիկական համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ։ Իրանը նաև շարունակելու է իրականացնել իր խաղաղ միջուկային ծրագիրը՝ Չտարածման պայմանագրի և համապարփակ երաշխիքների համաձայնագրի հիմամբ»։
Նախարարությունը հայտարարել է, որ Իրանի խաղաղ միջուկային գործունեությունը կշարունակվի միջուկային զարգացման ազգային ծրագրի հիման վրա և միջազգային իրավունքների ու պարտավորությունների շրջանակներում, իսկ Արևմուտքի կեղծ պնդումները որևէ արդյունք չեն ունենա։
Հունիսի 15-ին Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված «վերջին գործողությունները»։