Իրանի պաշտպանական տեխնիկայի պահանջարկը միջազգային շուկայում աճել է 4 անգամ
Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ վերջին 3 տարում երկրի պաշտպանական արդյունաբերության ոլորտի արտահանման ծավալը քառապատկվել է։
Հանձնաժողովը հանդիպում է անցկացրել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Քարայի Աշտիանիի հետ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը գեներալ Աշտիանին ներկայացրել է նախարարության ձեռքբերումների մասին զեկույց, որի համաձայն՝ հիմնվելով տեղական գիտելիքի վրա, Իրանը վերջին 3 տարում քառապատկել է պաշտպանական ոլորտի արտադրանքի արտահանման ծավալը։
Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ռեզայիի խոսքով՝ հանդիպմանը բրիգադի գեներալ Աշտիանին զեկուցել է, որ չնայած խոշոր ծախսերին, Սիոնիստական ռեժիմը չի կարողացել ավարտին հասցնել հակաօդային պաշտպանության ծրագիրը։
Ռեզային հավելել է, որ համաձայն նախարարի ներկայացրած զեկույցի՝ վերջին երեք տարում Իրանի ռազմական արտադրանքի ծավալն աճել է 2,5 անգամ։
Հարկ է նշել, որ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին, ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն, դադարեցվել են բոլոր սահմանափակումները, որոնք անարդարացիորեն կիրառվել էին Իրանի Իսլամական Հանրապետության բալիստիկ հրթիռների ծրագրի և զենքի վաճառքի նկատմամբ։
Համաձայն այս բանաձեւի՝ աշխարհի երկրներն այլևս չպետք է թույլտվություն ստանան Անվտանգության խորհրդից Իրանին որոշ տեսակի հրթիռներ, ԱԹՍ-ներ և հարակից տեխնոլոգիաներ փոխանցելուց առաջ։