Իրանում անցկացվել է ՄԱԿ-ի արվեստի ցուցահանդեսը.Էկոլոգիական մարտահրավերները պատկերներում
Իրանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կազմակերպել է ցուցահանդես՝ գլոբալ բնապահպանական մարտահրավերների, այդ թվում՝ կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, բնության աղտոտման և թափոնների թեմաներով:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Թեհրանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շտեֆան Պրիզները հայտարարել է, որ ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել Երկիր մոլորակի շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը։
Մտահոգություն հայտնելով համաշխարհային բնակլիմայական խնդիրների մասշտաբի կապակցությամբ, Պրիզներն ասել է․ «ՄԱԿ-ն ու գործընկերներն աջակցում են բնական ռեսուրսների օպտիմալ կառավարմանը և կենսաբազմազանության պաշտպանությանը, փորձելով բարձրացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ազգային կարողությունները»:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Իրանում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի կողմից Թեհրանում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվել է 18 նկարչի 36 ստեղծագործություն։
Գլոբալ տաքացոմը համաշխարհային բնապահպանական խնդիրներից է։ ՄԱԿ-ի տվյալներով 1990թ հետո ածխածնի երկօքսիդի արտանետման ծավալն աճել է 50 տոկոսով, ինչը նպաստել է կլիմայի փոփոխության գործընթացի արագացմանը։ Իսկ դա իր հերթին առաջացրել է այնպիսի խնդիրներ, ինչպես՝ երաշտը, անտառային հրդեհներն ու ջրհեղեղները, որոնք սպառնում են միլիոնավոր մարդկանց կյանքին, ինչպես նաև բույսերի ու կենդանատեսակների գոյատևմանը։