Պուտինը Փեզեշքյանին հրավիրել է մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին
Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հայտնել է Ռուսաստանի նախագահի կողմից Իրանի նախագահին ուղղված BRICS խմբի գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավերի մասին։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին ասել է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հրավիրել է մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, որն ընդունվել է Փեզեշքյանի կողմից»։
Մոսկվայում Իրանի դեսպանը ԲՐԻԿՍ խմբին Իրանի անդամակցությունը (2024թ. հունվար) նշել է որպես իրանական դիվանագիտության հաջողություններից մեկը՝ հավելելով. «Ռուսաստանի ռոտացիոն նախագահության և այս երկրի հետ մեր ունեցած լավ հարաբերությունների շնորհիվ Իրանը ամենաբարձր մակարդակով մասնակցել է BRICS-ի բոլոր միջոցառումներին»։
Ջալալին հավելել է, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում կքննարկվի Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև երկարաժամկետ համագործակցության համապարփակ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը։
Զարգացող տնտեսությունների խումբը ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի մասնակցությամբ։ 2010 թվականին այս խմբին միացավ Հարավային Աֆրիկան, որից հետո խմբի անվանումը BRIC-ից փոխվեց BRICS։
BRICS-ի առաջիկա գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը Ռուսաստանի Թաթարստանի կենտրոնում՝ Կազանում։