Պարսկական պոեզիայի և գրականության օր Իրանում․ բանաստեղծ Շահրիարի բարձր դիրքը գրականության մեջ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին իրանցի ժամանակակից բանաստեղծ, վարպետ Շահրիարի մահվան տարելիցը, իրանական օրացույցում նշվում է Պարսկական պոեզիայի և գրականության ազգային օր։
Ըստ Sahab ցանցի հաղորդման՝ Շահրիար գրական մականունով «Սեյեդ Մոհամմադ Հոսեյն Բեհջաթ Թաբրիզին» (1906-1988) ծնվել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգի մայրաքաղաք Թավրիզում։ Շահրիարը պարսկերեն և ադրբեջաներեն լեզուներով բանաստեղծություններ ունի, որոնք գրված են գազելի, ձոներգի (Ղասիդեհ), ղաթեի և քառյակի ձևաչափով։
Իրանցի այս բանաստեղծը գլուխգործոցներ է թողել, որոնցից կարելի է նշել «Ալի՛, ով ողորմածության բարերբեր» և «Եկար, կյանքս քեզ մատաղ» պարսկերեն և «Ողջույն Հեյդար Բաբա» ադրբեջաներեն բանաստեղծությունները։
«Ողջույն Հեյդար Բաբա» ժողովածուն նույնպես համարվում է ադրբեջանական գրականության գլուխգործոցներից մեկը։
Թավրիզում իր կենդանության օրոք Շահրիարի բնակության վայրը վերածվել է Վարպետ Շահրիարի թանգարանի, որը հյուրընկալում է նրա երկրպագուներին, պարսկական պոեզիայի ու գրականության սիրահարներին ու զբոսաշրջիկներին։
Վարպետ Շահրիարի գերեզմանը, 400 այլ հայտնի բանաստեղծների հետ միասին, գտնվում է Թավրիզի բանաստեղծների պանթեոնում, որը համարվում է Թավրիզի տեսարժան և զբոսաշրջության կարևորագույն վայրերից մեկը: