Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են էներգետիկ ոլորտում համագործակցությունը
Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարները կարևորել են գազատուրբինների նախագծման ու արտադրության, ինչպես նաև երկու երկրների միջև էներգետիկ ցանցերի միացման ոլորտում փորձի փոխանակման ու տեխնոլոգիաների փոխանցման կարևորությունը։
Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին, ով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի էներգետիկայի նախարարների գագաթնաժողովին, չորեքշաբթի օրը հանդիպել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիլևի հետ։
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ Ալիաբադին և Ցիլևը քննարկել են նավթի և գազի ոլորտում իրականացվող նախագծերի ընթացքի հետ կապված հարցեր և ընդգծել նախագծերը ժամանակին ավարտելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Իրանի բարենպաստ աշխարհագրական դիրքին, որը կարող է օգնել անդամ երկրների հետ համագործակցության ամրապնդմանն, ԻԻՀ էներգետիկայի նախարարը հավելել է, որ Թեհրանը հատուկ ուշադրություն է դարձնում վերականգնվող էներգիային և մշակել է ոլորտի վերաբերյալ համապարփակ ծրագիր։
Խոսելով էներգետիկայի ոլորտում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի կարևորության մասին՝ հաշվի առնելով, որ անդամներից մի քանիսն աշխարհի խոշորագույն և հիմնական էներգիա արտադրողներն են, իսկ մյուս մասը՝ էներգիա սպառողներ, Ալիաբադին նշել է, որ գագաթնաժողովի անցկացման կարևորությունը կրկնապատկվում է։
Նա նշել է, որ գագաթնաժողովը լավ հնարավորություն է ընձեռում ԲՐԻԿՍ-ի անդամների միջև համապարփակ և շահավետ համագործակցություն ստեղծելու համար՝ հավելելով, որ Իրանը այս գագաթնաժողովում կներկայացնի առաջարկներ՝ արդյունաբերական և տեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ։