«Միր» վճարային համակարգը պաշտոնապես միացավ իրանական «Shetab»–ին
(last modified Mon, 11 Nov 2024 15:02:51 GMT )
Նոյեմբեր 11, 2024 18:32 Asia/Tehran
  • «Միր» վճարային համակարգը պաշտոնապես միացավ իրանական «Shetab»–ին

Ռուսական «Միր» վճարային համակարգն այսօր պաշտոնապես միացավ իրանական «Shetab»–ին։

Իրանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան իրենց քարտերով ռուսական բանկոմատներից ռուբլով գումար հանել։

Տեղեկությունը հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

 Իրանի ԿԲ ղեկավարի ներկայությամբ ռուսական «Միր» վճարային համակարգը պաշտոնապես միացվեց իրանական «Shetab» բանկային ցանցին։ «Shetab»–ին «Միր»–ի միացման շնորհիվ իրանական քարտերը հնարավոր կլինի օգտագործել Ռուսաստանի բանկոմատներից գումար հանելու համար»,– ասված է իրանական գործակալության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Իրանում ռուսական բանկային քարտերից կանխիկ գումար հանել այս որոշման երկրորդ փուլում, իսկ երրորդ փուլում իրանական «Shetab» քարտերը հնարավոր կլինի օգտագործել ռուսական խանութներում:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում «Միր» վճարային համակարգը կսկսի գործել կես տարվա ընթացքում։

Ավելի վաղ՝ հուլիսի 6-ին, Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանն ավարտել են «Միր» և «Shetab» համակարգերի ինտեգրումը:

Բացի այդ, երկու երկրների ԿԲ ղեկավարները համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթների իրացվելիության մասին՝ երկկողմ առևտուրը հեշտացնելու համար։