Կոստանյանը բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Թեհրանում Իրանի նախագահի նստավայրում հանդիպել է Իրանի նախագահի քաղաքական գծով խորհրդական Մեհդի Սանայիի հետ և ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացումը։
ԻԼՆԱ-ի փոխանցմամբ՝ Վահան Կոստանյանը կարևոր է համարել Իրանի արդյունավետ դերը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում և բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում։
Հայաստանի փոխարտգործնախարարը այս երկրի արտաքին քաղաքական մոտեցումը համարեց նաև պաշտոնական Թեհրանի հետ բարիդրացիության եւ համակողմանի զարգացման քաղաքականության շարունակությունը։
Իրանի նախագահի քաղաքական գծով խորհրդական Մեհդի Սանային հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Իրանի և Հայաստանի միջև առկա լավ հարաբերություններին և երկկողմ ու բազմակողմ համագործակցությանը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև համաձայնեցված տնտեսական խոշոր նախագծերը հնարավորինս արագ կիրականացվեն։
Իրանի նախագահի քաղաքական գծով խորհրդականը, անդրադառնալով տարածաշրջանի հատուկ պայմաններին, ընդգծել է տարածաշրջանային համագործակցության մեխանիզմների և հարևան երկրների մերձեցման կարևորությունը։