Փեզեշքյան. Մենք չպետք է վախենանք պատժամիջոցներից/Չենք խոնարհվելու բռնատերերի առջև
Նշելով, որ չպետք է վախենալ պատժամիջոցներից ու ճնշումներից, ԻԻՀ նախագահը հավելել է. «Ոմանք ասում են, որ մենք այլ ելք չունենք, քան նստել և բանակցել, մենք չենք ասել, որ չենք բանակցելու, բայց չենք պատրաստվում խոնարհվել բռնությամբ խոսողների առաջ»:
«Թասնիմ» գործակալության հաղորդմամբ՝ Իսլամշահր, Բահարեստան և Ռոբաթքարիմ քաղաքներ կատարած այցերի շրջանակում, Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է․ «Ես հավատարիմ եմ նույն համոզմունքներին, և մենք աշխատում ենք դրանց հիման վրա։ Իրավիճակը, որում գտնվում ենք, մեզ արժանի չէ, և մենք պետք է փոխենք այն»։
Նա հավելել է․ «Արդեն մի քանի օր ասում եմ և նորից կկրկնեմ՝ ինչո՞ւ պետք է աշխարհի այն կողմում ինչ-որ մեկն ինչ-որ բան ասի, և այստեղ բոլորը վախենան։ Մենք չենք վախենում. Կմնանք ու կկառուցենք, ամբողջ ուժով կկառուցենք։ Սա այն է, ինչին մենք հավատում ենք։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը երկրի տեսլականի փաստաթղթում նշել է, որ մենք պետք է հասնենք տարածաշրջանում բարձր դիրքի և դառնանք օրինակ»:
Նշելով, որ երկրի տեսալականում նշված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է մշակել համապարփակ ծրագիր, նախագահը հավելել է․ «Ե՛վ մեր պատգամավորները, և՛ ղեկավարները մասնագետներ են և մենք պետք է ունենանք այնպիսի ծրագիր, որը մեզ կհասցնի մեր արժանի դիրքին։ Բայց մենք պետք է իմանանք, որ զարգացման կարևորագույն ցուցանիշներից մեկը ռեսուրսների և սպառման հավասարակշռությունն է, եթե այս հավասարակշռությունը խաթարենք, զարգացումը կկործանվի»։
Փեզեշքյանն ասել է․ «Եթե մեր ջրային ռեսուրսները անբավարար են, մենք չպետք է զարգացնենք այն ոլորտները, որոնք ջրի մեծ սպառում են ենթադրում։ Խելամիտ չէ ջրհոր փորել, ջուր հանել մեր ոտքերի տակից և հետո նայել, թե ինչպես է գետինը թուլանում։ Մուսուլմանն ով հավատում է դատաստանի օրվան, հեռատես է և տարբերվում է այն մարդուց, ով տեսնում է միայն իր դիմացը: Մենք պետք է հեռանկարային լինենք այն ամենում, ինչ անում ենք՝ հաշվի առնելով առնվազն առաջիկա 100 տարիները, և դրա հիման վրա մշակենք արդյունավետ ծրագիր»։
Նշելով, որ չպետք է վախենալ պատժամիջոցներից ու ճնշումներից, Փեզեշքյանը հավելել է. Ոմանք ասում են, որ բանակցելուց բացի այլ ճանապարհ չունենք։ Մենք չենք ասել, որ չենք բանակցելու, բայց չենք պատրաստվում խոնարհվել բռնության լեզվով խոսողների առաջ: Նրանք, ովքեր գիտության միջոցով ձեռք բերած ռումբերով կանանց ու երեխաներին թաղում են փլատակների տակ, հետո խոսում են մարդու իրավունքների մասին, իրավունք չունեն ասել՝ որ մենք զենքերը վայր դնենք ու նստենք բանակցության սեղանին։ Հետո, երբ ուզես, կարող ես գալ մեզ խփել ու գնալ։ Սա ի՞նչ բանակցային տրամաբանություն է»։
Մասուդ Փեզեշքյանը հավելել է․ «Մենք ի սկզբանե ասել ենք, որ հակամարտելու նպատակ չունենք։ Տարածաշրջանի երկրները մուսուլմաններ են, իսկ մուսուլմանները մեր եղբայրներն են։ Մենք չէ, որ խաթարել ենք տարածաշրջանի ապահովությունը։ Սիոնիստական ռեժիմն է, որ ներխուժել է տարածաշրջան և ոչ մեկից չի վախենում, որովհետև նրա թիկունքում կանգնած է ԱՄՆ-ն, որը խոսում է մարդու իրավունքների և ազատության մասին և նաև պնդում, թե մենք խաթարել ենք տարածաշրջանը։
Նշելով, որ չի կարելի Իրանի նկատմամբ կիրառել բոլոր հնարավոր պատժամիջոցներն ու հետո ասել՝ եկեք նստենք բանակցության սեղանի շուրջ, Փեզեշքյանը հավելել է․ «Իրանցիները մի ասացվածք ունեն, որն ասում է՝ նախ ապացուցիր քո եղբայրությունը, հետո խոսիր։ Իհարկե, դա չի նշանակում, որ մենք հիմա պետք է զբաղված լինենք ջրի, հացի, ապրուստի, սեփական կյանքի հետ կապված տարբեր հարցերով։ Մենք կարող ենք ձեռք ձեռքի տալ և միմյանց օգնությամբ հաղթահարել ճգնաժամերը և երկիրը հասցնել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ուրվագծած տեսլականին: Սա լիովին հնարավոր է»: