Վիեննայում Իրանի դեսպան. Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ զեկույց պահանջելը վտանգավոր է
(last modified Thu, 06 Mar 2025 06:27:41 GMT )
Մարտ 06, 2025 09:57 Asia/Tehran
  • Վիեննայում Իրանի դեսպան. Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ զեկույց պահանջելը վտանգավոր է

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասլը քննադատել է Արևմուտքի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պլատֆորմի քաղաքական նպատակներով չարաշահումն ընդգծելով, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ զեկույցի խնդրանքը վտանգավոր է։

Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը, եվրոպական որոշ երկրներ և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը, կեղծ պնդումներ են հնչեցրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Չորեքշաբթի օրը Եվրոեռյակը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրը մտահոգիչ է և ուրանի հարստացման ծավալը չունի արդարացում՝ միջուկային զենք չունեցող երկրի համար:

Չորեքշաբթի օրը, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում ունեցած ելույթում, Մոհսեն Նազիրի-Ասլն ասել է. «Ըստ երաշխիքների իրականացման վերջին զեկույցի (SIR 2023), 46 երկրներից, որոնք ունեն երաշխիքային համաձայնագրեր, բայց չեն իրականացնում Հավելյալ Արձանագրությունը, միայն Իրանն իրականացրել է երաշխիքների 5 տոկոսը»:

Նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի բոլոր ստուգումների մոտ մեկ քառորդն իրականացվել է Իրանի միջուկային օբյեկտներում, նա հավելել է․ «Դա այն դեպքում, երբ այդ օբյեկտները կազմում են աշխարհի միջուկային ընդհանուր օբյեկտների միայն երեք տոկոսը: Գործակալության ստուգումների նման մակարդակը հնարավոր չէր լինի առանց Իրանի շարունակական համագործակցության»:

Նա հավելել է․ «2024 թվականին Իրանում օրական միջինը 9 տեսուչ կամ փորձագետ է եղել գործակալությունից, իսկ որոշ օրերի այդ թիվը հասել է 19-ի։ Ընդհանուր առմամբ, գործակալության թիմն անցած տարի Իրանում գտնվել է ավելի քան 3400 աշխատանքային ժամ: Դա հնարավոր չէր լինի առանց գործակալության հետ Իրանի կառուցողական համագործակցության։

Այնուամենայնիվ, Եվրոեռյակը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հետևողականորեն փորձել են խաթարել այս գործընթացը և խոչընդոտել խնդիրների լուծմանը։ Գործակալությունը չպետք է անտեսի այս կողմերի ոչ կառուցողական գործողությունները։ Հակաիրանական  բանաձեւի ներկայացումը լարվածության սրման և իրավիճակը բարդացնելու Արևմուտքի ռազմավարության մի մասն է։

Գլխավոր տնօրենի կողմից համապարփակ գնահատման խնդրանքը զուրկ է որևէ իրավական հիմքից և հրահրող գործողություն է: Նման մոտեցումը վտանգավոր է և ոչ միայն կթուլացնի Գործակալության երաշխիքների համակարգը, այլև կազդի անդամ պետությունների անօտարելի իրավունքների վրա:

Թեհրանն ապացուցել է, որ Արևմուտքի ճնշման ներքո չի նահանջի միջուկային իր անքակտելի իրավունքներից, և նման ոչ կառուցողական մոտեցումները միայն կարող են մեծացնել Իրանի և Արևմուտքի միջև անջրպետն ու հոռետեսություն»։