Էսլամի. ՄԱԳԱՏԷ-ն պետք է դադարեցնի քաղաքական խաղերը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը խորհուրդ է տվել զերծ մնալ Իրանի միջուկային հիմնախնդիրը քաղաքականացնելուց։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով ISNA գործակալությանը, իրանցի մի շարք ռազմական ու քաղաքական գործիչներ լրագրողների հետ զրույցում իրենց կարծիքն են հայտնել միջազգային խնդիրների վերաբերյալ։
«Մենք ակնկալում ենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հավատարիմ կմնա պրոֆեսիոնալիզմին և զերծ կմնա քաղաքական խաղերից», - լիբանանյան ցանցին ասել է Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն և փոխնախագահ՝ Մոհամմադ Էսլամին:
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին Al-Mayadeen-ին տված հարցազրույցում Գազայի մասով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանը բնութագրել է որպես զուտ «էմոցիոնալ հայտարարություններ», որոնք «իրագործելի չեն, և Պաղեստինի ժողովուրդը դա կապացուցի:
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սեյյեդ Աբդոլռահիմ Մուսավին նույնպես ասել է, որ «ոչ մի ողջամիտ մարդ չի կարող ընդունել բանակցությունները ճնշման ու պատժամիջոցների ներքո»։
Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին նույնպես ասել է, որ Իրանի դեմ առճակատման հարցում ամերիկացիները ոչ մի հաջողության չեն հասել քաղաքական ու միջազգային ասպարեզում։