Իրանն ընդգծում է խաղաղ միջուկային ձեռքբերումների պահպանումը
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը, շնորհավորելով այս ռազմավարական ոլորտի աշխատողներին Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա առթիվ, ասել է. Միջուկային ձեռքբերումների պահպանումը ազգային պատասխանատվություն է:
Ինչպես հաղորդում է Pars Today-ը` վկայակոչելով Իրանի ռադիոհեռուտատեսության լրատվական գործակալությանը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային շնորհավորել է այս ռազմավարական ոլորտի իրանցի ղեկավարներին, գիտնականներին, փորձագետներին և ակտիվիստներին Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա կապակցությամբ՝ հավելելով. Ոգեկոչում ենք Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային գիտության և տեխնոլոգիայի բնագավառի նահատակների մաքուր հոգիները և հարգում նրանց հիշատակը։
Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային ծրագիրը ազգային կամքի խորհրդանիշն է և առաջադեմ գիտելիքի ու տեխնոլոգիաների ձեռքբերման գործում Իրանի ազգի ջանքերի, նախաձեռնության և հաստատակամության արդյունքը, Բաղային հիշեցրեց. Այսօր այս տեխնոլոգիան, որպես բնիկ գիտելիք, ծառայում է Իրանի առաջընթացին, շենացմանը և գիտական հզորությանը:
Իրանի արտգործնախարարության խոսնակը եզրափակել է. «Միջուկային գիտելիքի բնագավառում Իրանի ժողովրդի ձեռքբերումների և նրա բազմաբնույթ խաղաղ կիրառությունների պահպանումը ազգային պատասխանատվություն է, իսկ դիվանագիտական ապարատը, ինչպես նախկինում, կօգտագործի իր բոլոր հնարավորությունները միջուկային ոլորտում Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար»:
Չնայած ԱՄՆ-ի և Արևմուտքի բոլոր խոստումնադրուժ վարքագծին և այդ երկրների կողմից միջուկային ծրագրի հետ կապված իրենց պարտավորությունները չկատարելուն, Իրանի Իսլամական Հանրապետությունը զարգացնում է իր խաղաղ միջուկային ծրագրերն ու նպատակները և ապացուցել է իր հանձնառությունն ու պատասխանատվությունը միջազգային հանրության առաջ:
Այս կապակցությամբ, մինչ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կեղծ մեղադրանքներ են ներկայացնում Իրանին միջուկային զենք ձեռք բերելու ջանքեր գործադրելու մեջ, Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները միշտ հերքել են այդ մեղադրանքները և ընդգծել, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։