Մինչև 2029 թվականն Իրան-Ռուսաստան առևտրի ծավալը կհասնի 10 միլիարդ դոլարի
(last modified Thu, 17 Apr 2025 07:51:21 GMT )
Ապրիլ 17, 2025 11:21 Asia/Tehran
  • Մինչև 2029 թվականն Իրան-Ռուսաստան առևտրի ծավալը կհասնի 10 միլիարդ դոլարի

Իրան-Ռուսաստան տնտեսական հարաբերությունների հարցերով վերլուծաբան` Ալեքսանդր Շարովն անդրադառնալով իրանական շուկայում ռուս գործարարների ներկայության աճին, հայտարարել է, որ մինչև 2029 թվականը երկկողմ առևտրի ծավալը կհասնի 10 միլիարդ դոլարի։

Ալեքսանդր Շարովը հարցազրույցում  նշել  է, որ վերջին տարիներին Իրանի հետ համագործակցող ռուս ձեռնարկատերերի թիվը եռապատկվել է։

Հղում անելով TV BRICS-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Շարովն անդրադարձել է երկու երկրների միջև «Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի» ստորագրմանը և այն համարել տնտեսական հարաբերությունների խորացման, երկկողմ առևտրի ծավալների մեծացման և առևտրային գործունեության խթանման կարևոր գործոն։

Վերլուծաբանը կանխատեսել է, որ առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության մակարդակը ներկայիս 4 միլիարդ դոլարից կհասնի մոտ 10 միլիարդ դոլարի՝ նավթաքիմիական արտադրանքի, սննդամթերքի արտահանման, Կասպից ծովի ավազանում տրանսպորտային ուղիների զարգացման արդյուքնում։

Նշելով, որ ԵԱՏՄ շրջանակում Թեհրան- Մոսկվա համագործակցությունն ընդլայնվում է,  Շարովը հավելել է. «Իրանը դիտարկում է ԵԱՏՄ-ին ավելի սերտ ինտեգրման հարցը, նախ՝ որպես դիտորդ, իսկ ապագայում՝ հնարավոր է որպես պաշտոնական անդամ»։

Մայիսի 5-ից ուժի մեջ կմտնի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։ Համաձայն այս փաստաթղթի դրույթների՝ Իրանի և միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի միջև վաճառվող ապրանքների ավելի քան 80 տոկոսի մաքսատուրքերը կվերացվեն։