Մեկնաբանություն- Իրանի տեսանկյունից ի՞նչ է պահանջվում միջուկային համաձայնագրի հասնելու համար
Սպիտակ Տուն Դոնալդ Թրամփի վերադարձից և միջուկային բանակցությունների վերսկսումից հետո, Իրանը հայտարարել է կառուցողական փոխգործակցության պատրաստակամության մասին և ներկայացրել երկարատև համաձայնության հասնելու իր հիմնական պայմաններն ու սկզբունքները։
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցում, նշել է, որ Թեհրանի տեսանկյունից բանակցությունների հաջողության միակ ճանապարհը իրատեսությանը հավատարիմ մնալն է, ինչպես նաև հակասական դիրքորոշումներից ու քաղաքական շահարկումներից խուսափելը։
Այս բանակցությունների առաջին երեք փուլերը տեղի են ունեցել Մասկատում՝ ապրիլի 5-ին, 12-ին և 19-ին։ Բանակցությունների սկզբնական մթնոլորտը միջազգային դիտորդների կողմից գնահատվել է համեմատաբար դրական, սակայն չորրորդ փուլի հետաձգումը, որը նախատեսված էր անցկացնել ապրիլի 26-ին, վկայում է ԱՄՆ դիրքորոշումներում համաձայնեցվածության բացակայության և բանակցային գործընթացում պառակտման հնարավորության մասին։
Անդրադառնալով բանակցությունների 3 փուլերի ընթացքում ամերիկյան կողմից դիրքորոշումներին՝ Արաղչին ընդգծել է․ «Մինչ օրս Իրանի միջուկային ծրագիրը չեղարկելու պահանջ չի ներկայացվել։ Սակայն Դոնալդ Թրամփի և նրա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունները՝ Իրանի միջուկային օբյեկտները լիովին փակելու անհրաժեշտության վերաբերյալ, անվստահության մթնոլորտ են ստեղծել բանակցություններում»։
Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ, և որ դրա վերաբերյալ ցանկացած օրինական մտահոգություն կարող է լուծվել երկխոսության, միջազգային մոնիթորինգի և փոխադարձ պարտավորությունների միջոցով։ 2015թ․ Համատեղ համապարփակ գործողությունների փաստաթղթի (ՀԳՀԾ) ստորագրումից հետո Իրանը հավատարիմ է մնացել իր բոլոր պարտավորություններին, և դա հաստատվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 16 պաշտոնական զեկույցներում։
Սակայն 2018 թվականին համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը և լայնածավալ պատժամիջոցների վերականգնումը ոչ միայն խախտեցին միջազգային պարտավորությունները, այլև խորացրեցին երկու երկրների միջև անվստահությունը։
Եվրոպացի պաշտոնյայի հետ հեռախոսազրույցում, Արաղչին ընդգծել է, որ համաձայնության հասնելը պայմանավորված է Արևմուտքի մոտեցման փոփոխությամբ։ Դա նշանակում է խուսափել պրոյեկցիայից, որդեգրել փոխադարձ հարգանքի քաղաքականություն և երաշխավորել ԻԻՀ օրինական իրավունքները։ Նա նշել է. «Եթե Արևմուտքի միակ իրական մտահոգությունը Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունն է, ապա այս մտահոգությունը կարող է լուծվել տեխնիկական մոնիթորինգի և թափանցիկ պարտավորությունների միջոցով, և քաղաքական և տնտեսական ճնշման սրման համար որևէ արդարացում չի լինի»։
Իրանը նաև գործնական երաշխիքներ է պահանջում Միացյալ Նահանգներից, որպեսզի չկրկնվի ՀԳՀԾ-ի ձախողված փորձը։ Թեհրանի տեսանկյունից, սպառնալիքների և պատժամիջոցների պայմաններում համաձայնության հասնել հնարավոր չէ։ Դիվանագիտությունն արդյունավետ է, երբ ճնշումն ու թշնամանքը փոխարինվում են համագործակցությամբ և հարգանքով։
Իրանն ընդգծում է, որ, եթե բանակցությունները շարունակվեն բարի կամքով, իրատեսությամբ և միջազգային սկզբունքներին նվիրվածությամբ, կարող են հանգեցնել կայուն, հավասարակշռված և փոխադարձաբար բավարարող համաձայնագրի։ Համաձայնագիր, որը ոչ միայն կամրապնդի տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը, այլև ապագայում կապահովի կառուցողական երկխոսության միջավայր։