Արարատի և Արագածի գագաթներին հայ գերիներին աջակցող պաստառներ են բարձրացվել
Արարատի և Արագածի գագաթներին Բաքվում գտնվող հայ գերիներին աջակցող պաստառներ են բարձրացվել։ Լուրը հրապարակվել է «Ռուբեն Վարդանյանի աջակիցներ» ֆեյսբուքյան էջից։
Ռուբեն Վարդանյանի համախոհ, հասարակական գործիչ և հայրենադարձ Գեորգի Կևորկովը «Free Ruben Vardanyan. Free all Armenian prisoners» («Ազատություն Ռուբեն Վարդանյանին։ Ազատություն բոլոր հայ գերիներին») գրությամբ պաստառը բարձրացրել է Հայկական լեռնաշխարհի երկու խորհրդանշական գագաթներին՝ Արարատ լեռան և Հայաստանի ամենաբարձր կետի՝ Արագածի գագաթին։
«Արարատն ու Արագածը հայ ժողովրդի խորհրդանիշներն են։ Այդ գագաթներին բոլոր հայ գերիների ազատ արձակման պահանջով դրոշ բարձրացնելը նշանակում է ևս մեկ անգամ հիշեցնել աշխարհին, որ այս թեման չպետք է դուրս մնա միջազգային օրակարգից և հայ ժողովրդի պահանջներից», — նշել է Գեորգի Կևորկովը։
Ակցիայի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել բոլոր հայ գերիների ճակատագրին, որոնք մի քանի տարի է շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: