Փեզեշքյանը մեկնել է Ադրբեջան
ԻԻՀ նախագահը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) պետությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովին։ Նա ժամանել է Խանքենդի (Ստեփանակերտի) քաղաք, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Իլհամ Ալիևի հրավերով Ադրբեջան մեկնած Մասուդ Փեզեշքյանը ելույթ կունենա Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) պետությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովում:
Այցի ընթացքում, ԻԻՀ նախագահը նաև կհանդիպի գագաթնաժողովին մասնակցող որոշ պետությունների ղեկավարների հետ։
IRNA-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովին մասնակցում են նաև այնպիսի երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Աֆղանստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ղազախստանը, որը հնարավորություն է տալիս մտքեր փոխանակել տնտեսական, սոցիալական և քաղաքական հարցերի շուրջ, ինչպես նաև ստեղծել համատեղ համագործակցության ոլորտներ՝ համապատասխան տարածաշրջանային շահերին։
Ընդգծելով տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնման կարևորությունը՝ Փեզեշքյանն այս ուղևորության մասին ասել է, որ հույս կա, որ այս գագաթնաժողովին մասնակցելը, քաղաքական փոխազդեցությունների ամրապնդումից բացի, կնպաստի տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը, խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև հարևան երկրների միջև համագործակցության ընդլայնմանը, քանի որ որքան մեծանա տարածաշրջանի երկրների միջև համակարգումն ու համագործակցությունը, այնքան կնվազի թշնամիների անապահովություն ստեղծելու ագահությունը։