Արաղչի. Դիվանագիտական ոլորտի զինվորները պատերազմի ժամանակ հերոսաբար կանգնեցին զինված ուժերի կողքին
Շաբաթ օրն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի և ԱԳՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ, ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ներկայացրել է 12-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո դիվանագիտական գերատեսչության գործողությունները։
Նշելով, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունում բոլորը զինված ուժերի կողքին են, և որ 12-օրյա պատերազմը պատերազմի դաշտի և դիվանագիտության միջև համակարգման օրինակ էր, Արաղչին ասել է. «Մեր զինված ուժերը հերոսաբար պաշտպանեցին երկիրը Իրանի թշնամիներից։ Իսկ դիվանագիտության դաշտի զինվորներն օր ու գիշեր աշխատում էին նրանց կողքին»։
Իրանի արտգործնախարարը հավելել է. «Բացի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կառավարիչների խորհրդից, որոնց պարտականությունները հստակ են, չկար որևէ միջազգային կազմակերպություն կամ հաստատություն, որը չաջակցեր Իրանին 12-օրյա պատերազմում: Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Չմիավորման շարժումը, Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը, Արաբական լիգան, Աֆրիկյան միությունը և շատ համաշխարհային պաշտոնյաներ ճանաչեցին Իրանի ժողովրդի իրավունքը»: