Իրանը ՇՀԿ անդամների համերաշխության առանցքն է ահաբեկչության դեմ պայքարում
https://parstoday.ir/hy/news/iran-i239920-Իրանը_ՇՀԿ_անդամների_համերաշխության_առանցքն_է_ահաբեկչության_դեմ_պայքարում
Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Շաբեսթար շրջանում մեկնարկել են «Սահանդ 2025» հատուկ հակաահաբեկչական զորավարժությունները՝ ՇՀԿ անդամ երկրների ռազմական և անվտանգային ստորաբաժանումների մասնակցությամբ, որոնք հյուրընկալվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի կողմից։
(last modified 2025-12-02T12:32:58+00:00 )
Դեկտեմբեր 02, 2025 16:02 Asia/Tehran
  • Իրանը ՇՀԿ անդամների համերաշխության առանցքն է ահաբեկչության դեմ պայքարում

Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Շաբեսթար շրջանում մեկնարկել են «Սահանդ 2025» հատուկ հակաահաբեկչական զորավարժությունները՝ ՇՀԿ անդամ երկրների ռազմական և անվտանգային ստորաբաժանումների մասնակցությամբ, որոնք հյուրընկալվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի կողմից։

Դեկտեմբերի 1-ից 5-ը շարունակվող զորավարժությունները համարվում են կազմակերպության պաշտպանական համագործակցության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարի ամենակարևոր համատեղ ծրագրերից մեկը։

«Սահանդ 2025»  համատեղ զորավարժությունները անցկացվում են ԻՀՊԿ ցամաքային ուժերի հզոր ստորաբաժանումներից մեկի՝ Իմամ Զամանի անվան մեխանիզացված բրիգադում, և իրականացվում են ահաբեկչության դեմ պայքարի, քաղաքային բախումների, սպառնալիքների չեզոքացման և մասնակից ուժերի միջև օպերատիվ համակարգման մասնագիտացված փուլեր։ Զորավարժությունները մշակվել են Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի, ԻՀՊԿ-ի, Արտաքին գործերի նախարարության և ՇՀԿ հակաահաբեկչական գործադիր կոմիտեի համատեղ պլանի հիման վրա, և Իրանի զինվորական պաշտոնյաների խոսքով՝ դրանք ունեն ռազմավարական բնույթ։

Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարում Իրանի դիրքին, ԻՀՊԿ ցամաքային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ, կորպուսի գնդապետ Շահրամ Ասկարյանը ընդգծեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տասնամյակների ընթացքում եղել է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի առաջնագծում, և ավելի քան 17,000 իրանցի, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ահաբեկչական գործողությունների զոհ են դարձել։ Հետևաբար, նա Իրանի դերը այս զորավարժություններում որակեց որպես առանցքային և վճռորոշ։

Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ են մտնում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, և նրանց անվտանգային համագործակցությունը տարիներ շարունակ հիմնված է եղել ընդհանուր սպառնալիքների, այդ թվում՝ ահաբեկչության, ծայրահեղականության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վրա։ «Սահանդ 2025» զորավարժությունը այս կոլեկտիվ մոտեցման արտացոլումն է. մոտեցում, որը ձգտում է անդամների միջև ստեղծել ընդհանուր չափանիշներ, համակարգված մարտավարություն և սիներգետիկ օպերատիվ կարողություններ։

Այս զորավարժությունների կարևորությունը չի սահմանափակվում միայն դրա օպերատիվ ասպեկտով. հաշվի առնելով ՇՀԿ անդամների աշխարհագրական ցրվածությունը և մշակութային ու ռազմական բազմազանությունը, նման զորավարժությունները ամրապնդում են անվտանգային վստահության ստեղծման, պաշտպանական համախմբվածության և քաղաքական մերձեցման հիմքերը։ Այն իրավիճակում, երբ ահաբեկչական սպառնալիքները ստացել են անդրազգային բնույթ, տարածաշրջանի երկրների միջև ընդհանուր կարողությունների ստեղծումը համարվում է անխուսափելի անհրաժեշտություն։

Իր աշխարհաքաղաքական դիրքի, ռազմավարական խորության և վերջին տասնամյակներում ահաբեկչության դեմ պայքարի մեծ փորձի շնորհիվ, Իրանը այս զորավարժություններում պարզապես հյուրընկալող երկրի դեր չի խաղում․ Դաշտային փորձի, զինված խմբավորումների դեմ պայքարի մեթոդների և անվտանգության սպառնալիքների չեզոքացման մեթոդների փոխանցումը այն կարողություններից են, որոնք Իրանը կարող է տրամադրել կազմակերպության անդամներին։ Հետևաբար, «Սահանդ 2025»-ը համարվում է նաև տարածաշրջանի կոլեկտիվ անվտանգության կառուցվածքում Իրանի դերի ամրապնդման խորհրդանիշ։

Այս զորավարժությունն ունի հստակ քաղաքական ուղերձ՝ ՇՀԿ անդամների համերաշխություն ընդհանուր սպառնալիքների դեմ։ Այն աշխարհում, որտեղ անվտանգային զարգացումները արագ փոխվում են, բազմակողմ ռազմական և անվտանգային համագործակցությունը, ինչպիսին տեղի է ունենում Շաբեսթարում, վճռորոշ դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում։

«Սահանդ 2025»-ը պարզապես համատեղ զորավարժություն չէ,  այն տարածաշրջանում նոր անվտանգության ճարտարապետության ձևավորման նշան է, որի հիմնական հենասյուներից մեկը Իրանն է։