Մեկնաբանություն- Իրանի փողոցներում տեղի ունեցող դեպքերի կուլիսներում
https://parstoday.ir/hy/news/iran-i241374-Մեկնաբանություն_Իրանի_փողոցներում_տեղի_ունեցող_դեպքերի_կուլիսներում
Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած վերջին բողոքի ցույցերը, որոնք սկզբում սկսվել էին տնտեսական պահանջներով, անցած օրերին վերածվել են բռնությունների և անկարգությունների, և պետական պաշտոնյաների խոսքով՝ դրանցում նկատվում են արտաքին միջամտության հստակ նշաններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2026 14:24 Asia/Tehran
  • Իրանում հասարակական տրանսպորտի միջոց, որը անկարգությունների մասնակիցների կողմից հրկիզվել է
    Իրանում հասարակական տրանսպորտի միջոց, որը անկարգությունների մասնակիցների կողմից հրկիզվել է

Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած վերջին բողոքի ցույցերը, որոնք սկզբում սկսվել էին տնտեսական պահանջներով, անցած օրերին վերածվել են բռնությունների և անկարգությունների, և պետական պաշտոնյաների խոսքով՝ դրանցում նկատվում են արտաքին միջամտության հստակ նշաններ։

Արտարժութային տատանումների աճը և գների անկայունությունը հիմք ստեղծեցին հասարակության տնտեսապես ճնշված շերտերի, այդ թվում՝ որոշ առևտրականների դժգոհության համար, սակայն միևնույն ժամանակ կազմակերպված գործողությունները և հանրային գույքի ոչնչացումը  այդ բողոքների ընթացքը տարանջատեց քաղաքացիական պահանջներից։

Այս իրադարձությունները տեղի ունեցան այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը 12-օրյա պատերազմի ընթացքում  իրենց հայտարարած նպատակների իրագործման այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության  համակարգը փոխելու հարցում ձախողվելուց հետո   Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումների ուժեղացման մասին։ Տնտեսական ճնշումների ավելացումն ու դրանց ազդեցությունը արտարժույթի շուկայի վրա դիտարկվում են որպես վերջին դժգոհությունների հիմնական պատճառներից մեկը։ Միևնույն ժամանակ Բենիամին Նեթանյահուն բացահայտ հայտարարություններով Իրանի ժողովրդին կոչ արեց դուրս գալ փողոցներ և խոսեց «ներսից փլուզման» ռազմավարության մասին․ ռազմավարություն, որը վերլուծաբանների կարծիքով ցույց է տալիս,որ Իրանի թշնամիների ուշադրությունը կենտրոնացել է  ներքին ապակայունացման վրա։

Ինչպես հաղորդում է «Pars Today»-ը, փորձագետները կարծում են, որ տնտեսական դժգոհությունների շահարկման հիմնական հարթակներից մեկը արտարժույթի երկսակագնային կառուցվածքն է և վերջին տնտեսական բարեփոխումների հետևանքները։ Թեև Իրանի կառավարությունը փորձել է կառավարել ճնշումները՝ որոշ ապրանքների սուբսիդիաների ազատականացման և դրանց գումարները քաղաքացիներին ուղղակիորեն վճարելու միջոցով, մանրածախ մակարդակում գների աճը դժգոհություններ է առաջացրել, որոնք, պաշտոնյաների խոսքով, արտաքին դերակատարների կողմից «զավթվել» և ուղղորդվել են դեպի բռնություն։

Այս համատեքստում ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը լայնածավալ մեդիա պատերազմով փորձել են  տնտեսական հարցով խաղաղ ցույցերը վերածել քաղաքական նախագծերի։ Այս շրջանակում կրկին շրջանառվեց Իրանի տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի անունը՝ որպես քարոզչական դեմք։ Շատ դիտորդների գնահատմամբ՝ նա Իրանի ներսում սոցիալական հենարան չունի, սակայն շարունակվում է օգտագործվել որպես մեդիա գործիք՝ հատկապես երիտասարդ սերնդի մի հատվածի կարծիքների վրա ազդելու համար։12-օրյա պատերազմի ընթացքում նրա բացահայտ աջակցությունը Իրանի դեմ ռազմական հարձակումներին և կապերը սիոնիստական պաշտոնյաների հետ լայնորեն բացասական արձագանք առաջացրին իրանցիների հանրային կարծիքի մոտ։

Քաղաքական մակարդակում Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններն էլ ավելի սրեցին լարվածությունը։ Նա, հայտարարելով բողոքողներին աջակցելու մասին, ավելի վաղ ընդունել էր իր անմիջական դերը 12-օրյա պատերազմում՝ պատերազմ, որի հետևանքով նահատակվել են հարյուրավոր իրանցի խաղաղ բնակիչներ։ Միաժամանակ սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները բացահայտ խոսել են Իրանի ներսում «Մոսադ»-ի ուժերի ներկայության մասին, ինչը Թեհրանի տեսանկյունից  վկայում է բողոքների ապակայունացման գործում արտաքին ուժերի անմիջական միջամտության մասին։

Պաշտոնական զեկույցների համաձայն՝ զինված և հատուկ պատրաստված տարրերի ներգրավմամբ բողոքները դուրս եկան խաղաղ ճանապարհից, և տեղի ունեցավ հանրային ու մասնավոր գույքի լայնածավալ ոչնչացում, այդ թվում՝  վնասվեցին մզկիթներ, բանկեր, ավտոմեքենաներ, հրշեջ մեքենաներ և նույնիսկ փրկարարական կենտրոններ։ Իրանի Ներքին գործերի նախարարությունը այս գործընթացը բնութագրել է որպես «ժողովրդի բողոքի առևանգում» և հայտարարել, որ որոշ կազմակերպված խմբավորումներ հրազենի կիրառմամբ  անմեղ քաղաքացիների և անվտանգության ուժերի նահատակվելու պատճառ են դարձել։

Վերջին օրերին հասարակության զգալի մասը, առանձնացնելով իր շարքերը անկարգությունների մասնակիցներից, կանգնել է անվտանգության ուժերի կողքին՝ նպաստելու խաղաղության վերականգնմանը։ Դիտորդների կարծիքով՝ այս հասարակական արձագանքը վկայում է ապակայունացման նախագծի ձախողման և Իրանի հասարակության՝ երկրի անվտանգությունն ու կայունությունը պահպանելու վճռականության մասին։