ԻԻՀ ԱԳՆ խոսնակ․ Իրանի արտաքին գործերի նախարարն ամերիկացիների հետ հանդիպելու ծրագրեր չունի
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ նախարար Աբբաս Արաղչիի Պակիստան կատարած այցի ընթացքում ԱՄՆ-Իրան հանդիպում նախատեսված չէ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Էսմայիլ Բաղային սոցիալական ցանցերից մեկի իր անձնական էջում արած գրառման մեջ անդրադառնալով ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և նրան ուղեկցող պատվիրակության Իսլամաբադ կատարած այցին, նշել է. «Այցի ընթացքում Աբբաս Արաղչին կխորհրդակցի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված ագրեսիվ պատերազմի դադարեցման և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու՝ նրանց միջնորդական ջանքերի վերաբերյալ»։
Բաղային ընդգծել է. «Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում։ Իրանի տեսակետներն ու նկատառումները կփոխանցվեն պակիստանյան կողմին»։
Միևնույն ժամանակ, Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար սենատոր Մոհամմադ Իսհաղ Դարն Իսլամաբադում Արաղչիին ողջունելուց հետո X-ի իր օգտահաշվում գրել է. «Ուրախ եմ՝ ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ միասին, Իսլամաբադում ողջունել իմ եղբորը՝ ԻԻՀ ԱԳ նախարար պարոն Աբբաս Արաղչիին և ԻԻՀ ՆԳ նախարար պարոն Մոհսեն Թաղավիին»։
Նա հավելել է. «Ես անհամբեր սպասում եմ մեր կառուցողական հանդիպումներին և փոխազդեցություններին, որոնք կանցկացվեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման նպատակով»։