Պուտին․ Իրանի տարածքում ռազմական գործողություններն անընդունելի են
https://parstoday.ir/hy/news/iran-i245044-Պուտին_Իրանի_տարածքում_ռազմական_գործողություններն_անընդունելի_են
Ռուսաստանի նախագահն իր ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Իրանի տարածքում ռազմական գործողությունները անընդունելի են։ 
(last modified 2026-04-30T10:13:51+00:00 )
Ապրիլ 30, 2026 13:42 Asia/Tehran
  • Պուտին․ Իրանի տարածքում ռազմական գործողություններն անընդունելի են

Ռուսաստանի նախագահն իր ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Իրանի տարածքում ռազմական գործողությունները անընդունելի են։ 

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը զրույցի մանրամասների մասին ասել է. «Պուտինը Թրամփի՝ Իրանի հետ հրադադարի երկարաձգման որոշումը որակել է որպես ճիշտ քայլ։ Այս գործողությունը պետք է հնարավորություն տա բանակցություններին և օգնի ընդհանուր առմամբ կայունացնել իրավիճակը»։
Նա հավելել է. «Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել անխուսափելի և չափազանց կործանարար հետևանքների վրա, եթե Միացյալ Նահանգները և Իսրայելը կրկին դիմեն ուժի կիրառմանը»։ 
Ուշակովը, մեջբերելով Պուտինին, ընդգծել է. «Կարիք չկա ասելու, որ Իրանի տարածքում ցամաքային գործողությունների տարբերակը կլինի բացարձակապես անընդունելի և վտանգավոր»։ 
Ռուսաստանի նախագահի օգնականը նշել է, որ Մոսկվան հանձնառու է համապարփակ աջակցություն ցուցաբերել ճգնաժամի խաղաղ լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերին և բարձրացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճերի լուծմանն ուղղված նկատառումները։ 
Ուկրաինայի հարցով Պուտինի և Թրամփի միջև զրույցի վերաբերյալ Ուշակովն ասել է. «Ուկրաինայի խնդրի  կարգավորման հարցում ԱՄՆ նախագահը շեշտել է ռազմական գործողությունների հնարավորինս շուտ դադարեցման կարևորությունը, ինչպես նաև իր պատրաստակամությունը՝ ամեն կերպ նպաստելու դրան։ Նրա լիազոր ներկայացուցիչները կշարունակեն իրենց շփումները Մոսկվայի և Կիևի հետ»։ 
Նա հավելել է. «Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը վերջ դնող համաձայնագիրը հասանելի է»։ 
Ուշակովը շարունակել է. «Եվ՛ Վլադիմիր Պուտինը, և՛ Դոնալդ Թրամփը էապես նման գնահատականներ ունեին Զելենսկու գլխավորած Կիևի ռեժիմի վարքագծի վերաբերյալ, որը եվրոպացիների սադրանքով և աջակցությամբ հետապնդում է հակամարտությունը երկարաձգելուն ուղղված գիծ։ Ռուսաստանի առաջնորդը հստակորեն հայտարարել է, որ Կիևը դիմում է բացահայտ ահաբեկչական մեթոդների՝ հարձակվելով Ռուսաստանի տարածքում գտնվող զուտ քաղաքացիական օբյեկտների վրա»։