Իրանը դատապարտել է Արևմտյան ափի մզկիթների վրա Իսրայելի հարձակումները
Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է սիոնիստների կողմից Արևմտյան ափին մզկիթների սրբապղծումը և պաղեստինցիների դեմ իսրայելական ուժերի հարձակումները։
Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է Հորդանան գետի Արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում գտնվող երկու մզկիթների վրա իսրայելցի ավանաբնաների հարձակումները, որոնք իրականացվել են իսրայելական օկուպանտ բանակի աջակցությամբ։ Նա նաև դատապարտել է պաղեստինցիների տների վրա հարձակումները, նրանց ծեծի ենթարկելը, ինչպես նաև գույքի և գյուղատնտեսական հողատարածքների ոչնչացումը։
Բաղային այս գործողությունները բնութագրել է որպես Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներում իրականացվող «գաղութատիրական ցեղասպանական քաղաքականության» շարունակություն։ Նա ափսոսանք է հայտնել միջազգային և իրավապաշտպան կառույցների լռության կապակցությամբ՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի և Անվտանգության խորհուրդի շարունակական անգործությունը նպաստում է Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտումների և պաղեստինցիների, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների դեմ ծանր հանցագործությունների շարունակմանը։
Իրանի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է իսլամական երկրների և Իսլամական համագործակցության կազմակերպության կրոնական ու իրավական պատասխանատվության մասին՝ պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի պաշտպանության և Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցման հարցում։ Նա կոչ է արել կազմակերպության համապատասխան մեխանիզմներին գործնական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու Ալ-Աքսա մզկիթն ու Պաղեստինի մյուս սրբավայրերը իսրայելական շարունակական ոտնձգություններից, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու այդ գործողությունների կազմակերպիչներին և իրականացնողներին։