Ղալիբաֆ․ Իսլամական երկրները պետք է դասեր քաղեն վերջին պատերազմի փորձից
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ընդգծելով իսլամական երկրների միջև միասնության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը, հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է դասեր քաղեն վերջին պատերազմի փորձից։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների միության (PUIC) 20-րդ համաժողովի շրջանակում, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չորեքշաբթի օրը հանդիպել է Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
Հանդիպմանը Ղալիբաֆը նշել է, որ իսլամական երկրների միջև միասնությունը կարևորնշանակություն ունի, և հավելել․ «Բարեբախտաբար, վերջին ամիսներին մեր երկու երկրների հարաբերությունները զարգացում են ապրել, և հույս ունեմ, որ այդ դրական ընթացքը կշարունակվի»։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ որոշ երկրների ցամաքային և օդային տարածքն օգտագործվել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողությունների համար, նա ասել է․ «Այս պատերազմի փորձն այժմ բոլորի աչքի առաջ է, և բոլորը պետք է համապատասխան դասեր քաղեն դրանից»։
Իրանի խորհրդարանի նախագահը կարևորել է միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը և հաջողություն է մաղթել Ադրբեջանին՝ PUIC-ի համաժողովի կազմակերպման գործում։
Սահիբա Գաֆարովան ընդգծել է երկկողմ նախագծերի շարունակական առաջմղման անհրաժեշտությունը և կարևորել խորհրդարանական կապերի ու բարեկամության խմբերի համագործակցության ընդլայնումը։
Գաֆարովան նաև հայտարարել է, որ Ադրբեջանը թույլ չի տա, որպեսզի իր տարածքն օգտագործվի հարևան երկրների, հատկապես Իրանի դեմ ուղղված գործողությունների համար։