ԱՄՆ-ի ռազմավարական կենտրոնների դեմ Իրանի բանակի անօդաչու հարվածները շարունակվում են
ԻԻՀ բանակը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել ԱՄՆ բանակի ռազմավարական բազաներին և օբյեկտներին Բահրեյնում, Կատարում և Քուվեյթում։
Հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Pars Today-ը հայտնում է, որ ի պատասխան ԱՄՆ զինված ուժերի կողմից Իրանի որոշ շրջանների վրա իրականացված հարձակումների, հինգշաբթի առավոտյան շարունակվել են Իրանի բանակի հարվածները տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։
Հաղորդագրության համաձայն՝ թիրախավորվել են Քուվեյթում տեղակայված Patriot հակաօդային պաշտպանության համակարգը, Կատարում գտնվող արբանյակային կապի կայանը (վաղ նախազգուշացման կենտրոնը), ինչպես նաև Բահրեյնում ԱՄՆ բանակի վառելիքի պահեստները։ Հարվածներն իրականացվել են տարբեր տեսակի մեծ թվով հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։
Իրանի բանակը նաև հայտարարել է, որ երկրի զինված ուժերը, գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ, վճռականորեն շարունակելու են իրենց գործողությունները և որևէ պարագայում թույլ չեն տա իրականացնել ԱՄՆ նախագահի նպատակներն ու ծրագրերը՝ ընդգծելով, որ պայքարը կշարունակվի մինչև վերջնական հաղթանակ՝ Իսլամական հեղափոխության գաղափարների պաշտպանության համար։