Իրանի բանակի խոսնակ․ Թշնամուն դիմակայելու նոր սցենարներ են մշակվել
ԻԻՀ բանակի խոսնակը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերի պատասխան հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է հարձակումները երկրի ենթակառուցվածքների և առափնյա շրջանների դեմ։
Հղում անելով Իրանի հեռուստատեսության լրատվական ծառայությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Իրանի բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Աքրամի Նիան, անդրադառնալով ամերիկյան ուժերի հետ առճակատման վերջին զարգացումներին, հայտարարել է, որ ամերիկյան կողմի կողմից ձեռք բերված փոխըմբռնման խախտումից հետո հակամարտությունը թևակոխել է նոր փուլ։
Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը շարունակում են գործողությունները՝ ի պատասխան հակառակորդի ագրեսիայի, և դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է հարվածները երկրի ենթակառուցվածքների և առափնյա շրջանների դեմ։
Աքրամի Նիան, նախազգուշացնելով իրավիճակի հնարավոր երկարաձգման մասին, նշել է, որ ԱՄՆ-ը պետք է գիտակցի՝ այս իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել։ Նրա խոսքով՝ եթե ամերիկյան կողմը շարունակի իր գործողությունները Իրանի հարավային շրջանների դեմ, Թեհրանը կդիմի նոր քայլերի։ Նա հավելել է, որ մշակվել են դիմակայության նոր սցենարներ, և Իրանը նոր ձևով կգործի՝ հակառակորդին պատերազմը շարունակելուց հետ պահելու նպատակով։
Իրանի բանակի խոսնակը նաև ընդգծել է, որ պատերազմի նոր ոլորտներ տեղափոխվելը կարող է լինել Իրանի ռազմավարական տարբերակներից մեկը՝ նշելով, որ գոյություն ունեն նաև այլ ռազմավարություններ, որոնք կհրապարակվեն համապատասխան ժամանակին։
Անդրադառնալով Իրանի ռազմաօդային ուժերի վիճակին՝ նա նշել է, որ հրադադարի ժամանակահատվածն առավելագույնս օգտագործվել է մարտական պատրաստվածության և կարողությունների բարձրացման համար։ Նրա խոսքով՝ ամենակարևորն Իրանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության անձնակազմի բարձր մարտական ոգին, վճռականությունն ու մոտիվացիան են, և այսօր դրանք ավելի բարձր մակարդակի վրա են, քան նախկինում։
Խոսելով հակառակորդի հնարավոր ցամաքային ներխուժման և Իրանի ցամաքային զորքերի պատրաստվածության մասին՝ Աքրամի Նիան նշել է, որ Իրանը որևէ սցենար չի համարում անհնար կամ անհավանական։ Այդ պատճառով, նրա խոսքով, զինված ուժերի պատրաստվածությունը բարձրացվել է բոլոր հնարավոր զարգացումների համար ։ Նա հավելել է, որ եթե հակառակորդը դիմի ցամաքային ագրեսիայի, ապա նրա խոցելիությունը կլինի զգալիորեն ավելի մեծ, քան օդային կամ հեռահար հարձակումների դեպքում, իսկ ցամաքային գործողությունները Իրանի համար ավելի մեծ հնարավորություններ կստեղծեն հակառակորդին վնաս հասցնելու և ավելի մեծ կորուստներ պատճառելու տեսանկյունից։
Իր ելույթի ավարտին Իրանի բանակի խոսնակը, անդրադառնալով զոհվածների և զոհված առաջնորդի արյան վրեժի թեմային, հայտարարել է, որ դա այսօր դարձել է համազգային պահանջ։ Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը, հաշվի առնելով հանրային պահանջը և գերագույն գլխավոր հրամանատարի ուղերձներում հնչեցրած հանձնարարականները, համապատասխան ծրագրեր են մշակել, և Իրանի Իսլամական Հանրապետությունը կվրեժխնդիր լինի զոհվածների և զոհված առաջնորդի արյան համար՝ ագրեսոր թշնամուց։