Իրանի նախագահ․ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները ռազմական հանցագործություն են
Անդրադառնալով Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների վերջին իրավիճակին և սահմանային անցակետերին, նավահանգիստներին, ինչպես նաև ավտոմոբիլային և երկաթուղային ցանցերին հասցված վնասներին, ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները ռազմական հանցագործության ակնհայտ դրսևորում են։
Հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Մասուդ Փեզեշքիանը, անդրադառնալով սահմանային անցակետերին, մաքսակետերին և Իրանի ցամաքային, երկաթուղային, ծովային ու օդային տրանսպորտային ենթակառուցվածքներին հասցված վնասներին, դրանք որակել է որպես միջազգային իրավունքի բացահայտ խախտում և ռազմական հանցագործություն։ Նա նաև ընդգծել է այդ գործողությունների իրավական հետապնդումն իրականացնելու անհրաժեշտությունը՝ համապատասխան միջազգային կազմակերպությունների և կառույցների միջոցով։
Իրանի նախագահը տարածաշրջանային համագործակցության զարգացումն ու հարևան երկրների հետ ենթակառուցվածքային կապերի ամրապնդումը նշել է որպես կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը՝ ընդգծելով, որ կառավարության ակտիվ դիվանագիտությունը նպաստավոր պայմաններ է ստեղծել տրանսպորտային և տարանցիկ համագործակցության ընդլայնման համար։
Նա հավելել է, որ Իրանի երկաթուղային ցանցի ավարտուն ձևավորումն ու հարևան երկրների երկաթուղային համակարգերին միացումը կարող են էական դեր ունենալ տնտեսական դիմակայունության բարձրացման, միջազգային տարանցիկ միջանցքների զարգացման և երկրի աշխարհաքաղաքական ներուժի առավելագույն օգտագործման գործում։