Արևմտյան Ատրպատական նահանգը՝ համաշխարհային ժառանգության գանձարան և զբոսաշրջության զարգացման հեռանկար
Արևմտյան Ատրպատական նահանգում Իրանի ազգային ժառանգության ցանկում ընդգրկվել է 1882 հուշարձան, իսկ համաշխարհային ժառանգության ցանկում 6 արժեքավոր պատմական, մշակութային և բնական օբյեկտ ։
Այս մասին հայտնել է նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի գլխավոր վարչության ղեկավար Մորթեզա Սաֆարին։ Նրա խոսքով՝ այս բացառիկ ներուժը նահանգը դարձնում է Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կարևոր կենտրոններից մեկը։
ILNA-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Իրանի մշակութային ժառանգության քարտեզում Արևմտյան Ատրպատականի առանձնահատուկ դիրքին, Սաֆարին նշել է, որ Չալդրանի Սուրբ Թադեի վանքը, վանքի ամենամյա ուխտագնացությունը և պատարագը Թաքաբի Թախտ-է Սոլեյման համալիրը, Խոյի Շահ Աբբասի ժամանակաշրջանին պատկանող Քոթուրի քարավանատունը, Մակուի Ծործոր եկեղեցին, Ուրմիա լիճը ներառված են համաշխարհային ժառանգության ցանկում։
Նրա խոսքով՝ այս հուշարձաններից յուրաքանչյուրն ունի կարևոր դեր՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում նահանգի զբոսաշրջային ներուժը ներկայացնելու գործում։
Սաֆարին հավելել է, որ նշված 6 համաշխարհային ժառանգության օբյեկտներից բացի՝ նահանգի ևս 1882 հուշարձան ընդգրկված է ազգային ժառանգության ցանկում։ Դրանք ներառում են պատմական կառույցներ, հնագիտական տարածքներ, մշակութային արժեքներ և բնական ժառանգության օբյեկտներ։
Նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի գլխավոր վարչության ղեկավարը նշել է, որ գրանցված հուշարձանների նման մեծ թիվը վկայում է Արևմտյան Ատրպատականի մշակութային ժառանգության խորության և բազմազանության մասին և ընդգծում է դրանց պահպանության, վերականգնման ու հանրահռչակման ուղղությամբ առավել լուրջ ուշադրության անհրաժեշտությունը։
Անդրադառնալով նահանգի մշակութային և պատմական բազմազանությանը, Սաֆարին նշել է, որ տարբեր պատմական ժամանակաշրջանների կարևոր հուշարձանների և յուրահատուկ բնության համադրությունը հնարավորություն է տալիս ձևավորել զբոսաշրջային բազմազան երթուղիներ։
Նրա խոսքով՝ այդ հուշարձանների նպատակային և արդյունավետ ներկայացումը կարող է մեծացնել Արևմտյան Ատրպատականի մասնաբաժինը ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան զբոսաշրջության շուկայում։