Փեզեշքիան․ Իրանը ցանկանում է խորացնել և ընդլայնել Պակիստանի հետ համագործակցությունը
ԻԻՀ նախագահն ընդգծել է Իրանի և Պակիստանի միջև խոր արմատներ ունեցող պատմական, մշակութային և հավատամքային կապերը և հայտարարել․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը Պակիստանի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու վճռական կամք ունի»։
Հղում անելով IRNA-ին Pars Today-ը հաղորդում է, որ Մասուդ Փեզեշքիանը և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են և քննարկել երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, նախկին պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու տարածաշրջանային կարևորագույն զարգացումները։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Թեհրանի և Իսլամաբադի հարաբերությունների ընթացքին և երկու երկրների պաշտոնյաների փոխադարձ այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին ու փոխըմբռնումներին, ընդգծել են այդ պայմանավորվածությունների շարունակական հետամուտ լինելու և արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։
ԻԻՀ նախագահն, անդրադառնալով երկու ժողովուրդների միջև խոր արմատներ ունեցող պատմական, մշակութային և կրոնական կապերին, Իրանի և Պակիստանի հարաբերությունները որակել է որպես կայուն և լայն ընդհանրությունների վրա հիմնված հարաբերություններ և ընդգծել ԻԻՀ վճռական կամքը՝ խորացնելու և ընդլայնելու երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը։
Փեզեշքիանը նաև գոհունակություն է հայտնել երկու երկրների պաշտոնյաների միջև կապերի և խորհրդակցությունների շարունակականության կապակցությամբ և նշել, որ այդ փոխգործակցության շարունակականությունը կնպաստի պայմանավորվածությունների իրականացման արագացմանն ու Թեհրանի և Իսլամաբադի ընդհանուր շահերի առաջմղմանը։
Նա շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգությանն աջակցելու հարցում սկզբունքային մոտեցումների և համակարգված ջանքերի համար և ընդգծել լարվածության նվազեցման ու տարածաշրջանային ճգնաժամերի տարածումը կանխելու նպատակով խորհրդակցությունների և դիվանագիտական նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ընթացող զարգացումների և դրանց՝ խաղաղության ու անվտանգության վրա ունեցած հետևանքների շուրջ։ Կողմերի քննարկման հիմնական թեմաներից էին Հորմուզի նեղուցի իրավիճակը, Արաբական թերակղզու զարգացումները և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր։
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև պայմանավորվածություններին և փոխըմբռնման հուշագրերին առնչվող հարցերը, տարածաշրջանային բանակցությունների ընթացքն ու տարաձայնությունների խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով դիվանագիտական և միջնորդական ջանքերը։
Պակիստանի վարչապետը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում հակամարտությունների շարունակման և լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել կայուն խաղաղության ու կայունության հասնելու նպատակով լարվածության նվազեցման և դիվանագիտական ուղիների ամրապնդման անհրաժեշտությունը։
Շեհբազ Շարիֆը, անդրադառնալով Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրականացման կարևորությանը, հայտարարել է, որ Պակիստանը պատրաստ է շարունակել կառուցողական և անկեղծ դերակատարությունը՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը աջակցելու գործում։