Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Ասադի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Սիրիայի ինքնիշխան պետության դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ հարձակումը որակել է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտում: Նա դատապարտել է ԱՄՆ-ի այդ քայլը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ունեցած հեռախոսազրույցում Հասան Ռոհանին ասել է.«Իրանի ժողովուրդը ահաբեկչության դեմ մղվող պայքարում և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում կշարունակի մնալ այդ երկրի ժողովրդի կողքին»:
Անդրադառնալով քիմիական զենքի ոչնչացման ուղղությամբ ՄԱԿ-ի հետ Սիրիայի համագործակցությանը, Ռոհանին անհիմն է համարել քիմիական զենքի կիրառման վերաբերյալ պնդումները: Նա ընդգծել է.«Նման հարձակումները միայն կգոտեպնդեն ահաբեկիչներին, որոնք վերջին ամիսներին ծանր պարտություն են կրել Սիրիայում ու Իրաքում»:
Նշելով, որ Իրանի, Սիրիայի և ՌԴ-ի ուժերի համատեղումը կարող է նպաստել ահաբեկչության դեմ պայքարի իրականացմանը, ԻԻՀ նախագահն ասել է.«Նրանք ովքեր ենթադրում են,որ ահաբեկիչների հովանավորությամբ կարող են Սիրիայի ապագան փոխել հօգուտ իրենց չարաչար սխալվում են»:
Հեռախոսազրույցի ընթացքում, բարձր գնահատելով Իրանի կողմից Սիրիային ցուցաբերվող աջակցությունը, այդ երկրի նախագահ Բաշար Ասադն ասել է.«Վերջերս ահաբեկիչների պարտությունների պատճառով տեղի ունեցած ԱՄՆ-ի հրթիռային հարձակումներն այդ ահաբեկչական խմբավորումների ոգին բարձրացնելու և Սիրիայի ժողովրդին ու բանակին թուլացնելու փորձեր են»: