Ֆրանսիական Renault ավտոկոնցեռնը և Իրանական IDRO-ն համագործակցության պայմանագիր են կնքել
Ֆրանսիական Renault ավտոարտադրող ընկերությունը և Իրանի արդյունաբերության զարգացման ու արդիականացման կազմակերպությունը(IDRO) համագործակցության պայմանագիր են ստորագրել: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Այս համագործակցության շրջանակում նախատեսված են ճարտարագիտական և վաճառքի ու սպասարկման կենտրոնների ստեղծում՝ Իրանի ավտոպահեստամասեր արտադրողներին հովանավորելու նպատակով և տարեկան 150 հազար ավտոմեքենաների արտադրության համար մի գործարան:
Պայմանագրի ստորագրման արարողության ընթացքում IDRO-ի գլխավոր տնօրեն Մանսուր Մոազամին ասել է.«Պայմանագրի առաջին փուլի արժեքը կազմում է 660 մլն. եվրո, որը նախատեսված է տարեկան մինչև 150 հազար ավտոմեքենայի արտադրման համար: Առաջին արտադրությունը 2019 թվականի սկզբին շուկա կհանվի»:
Նշելով, որ այս պայմանագրով մոտ երեք հազար աշխատատեղեր կստեղծվեն, Մոազամին հավելել է.«Ըստ պայմանագրի արտադրանքի 30 տոկոսը պետք է Ֆրանսիական Renault ավտոարտադրող ընկերության պատասխանատվությամբ արտահանվեն»: