Իրանի և Թուրքիայի համադրությամբ կփակվեն Իրաքի Քուրդստանի անցակետերը
Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի և Թուրքիայի համադրությամբ շաբաթ օրվանից կփակվեն իրաքյան Քուրդստանի սահմանային անցակետերը:
«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն՝ Իրաքի պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ բանակի երեք զորամիավորներ գործուղվել են Քուրդստան` սահմանային անցակետերը վերահսկողության տակ առնելու համար:
Հաղորդման համաձայն՝ վերհսկողության տակ են առնվելու Թուրքիայի սահմանին գտնվող «Էբրահիմ Խալալ» և Իրանի ու Իրաքի սահմանին գտնվող «Հաջ Օմրան»-ի և «Բաշմաղ»-ի միջազգային անցակետերը:
Ուրբաթ օրը Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին հայտարարել էր, որ իրաքյան Քուրդստանի անցակետերի փակելը արվում է կոռուպցիայի և մաքսանենգության կանխման նպատակով և դա չի նշանակում, որ Իրաքի կենտրոնական իշխանությունը միտում ունի անջատման հանրաքվեի պատճառով պատժել Քուրդստանին: