Սոչիի նստաշրջանի ամփոփիչ հաղորդագրությունը
ԻԻՀ-ի, Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահները համատեղ հաղորդագրությամբ հանդես գալով կրկին ընդգծեցին Սիրիայի ինքնիշխանությունն, անկախությունը, միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը և համաձայնեցին համագործակցությունը շարունակել մինչև ահաբեկչական խմբերի վերջնական պարտությունը:
Չորեքշաբթի երեկոյան Սոչիի նստաշրջանի ավարտին ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանիի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ստորագրած համատեղ հաղորդագրության մեջ երեք երկրները Սիրիայում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի երաշխավորությամբ հաստատված հրադադարի ռեժիմի պահպանման ու ամրապնդման նպատակով եռակողմ համադրման ներկա մակարդակի կապակցությամբ իրենց գոհունակությունը հայտնեցին:
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները նաև համաձայնեցին սատարել սիրիացիներին՝ այդ երկրում միասնականության վերականգնման, ինչպես նաև միջսիրիական համապարփակ, ազատ, արդար ու թափանցիկ գործընթացի միջոցով այդ երկրի ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելուն, որը պիտի հանգեցնի Սիրիայի ժողովրդի հովանավորությամբ սահմանադրության մշակմանն ու ՄԱԿ-ի վերահսկողությամբ Սիրիայում պայմանները լրացնող բոլոր քաղաքացիների մասնակցությամբ ազատ ու արդար ընտրությունների կազմակերպմանը:
Ռոհանին, Պուտինն ու Էրդողանը Սիրիայի կառավարությանն ու նաև Սիրիայի ինքնիշխանությանն, անկախությանը, միասնականությանը, տարածքային ամբողջականությանն ու անմասնատելիությանը հավատարիմ ընդդիմության ներկայացուցիչներին կոչ արեցին կառուցողական մասնակցություն ունենալ մոտ ապագայում Սոչիում գումարվելիք Սիրիայի ազգային երկխոսության համաժողովին:
ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները միջազգային հանրության հետաքրքրված անդամներին կոչ արեցին Սիրիայի ժողովրդի համար առավել օժանդակություններ առաքելով, ականազերծմանը թափ հաղորդելով ու նաև պատմական ժառանգության պաշտպանությամբ և տնտեսական ու հասարակական գլխավոր ենթակառուցվածքների վերակառուցմանը սատարելով պաշտպանել Սիրիայում լարվածության մեղմացման ու կայունության հաստատման գործընթացը: