Իրան.«ԱՄՆ-ն ցանկանում է խափանել ՀԳՀԾ-ում տիրող մթնոլորտը»
Նշելով, որ Թեհրանը գոհ չէ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման գործընթացից, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է խափանել ՀԳՀԾ-ում տիրող մթնոլորտը»:
Press TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նշելով, որ Իրանը լիովին կատարում է ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, բայց կողմերը չեն կատարում իրենց հանձնառությունները, Լոնդոն այցելած Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«ԱՄՆ-ի քայլերը պատճառ են դարձել, որ վտանգվի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»:
Էրաղչին հավելել է. «Հակաիրանական շրջափակումների վերացման փոխարեն Թեհրանն ընդունեց իր միջուկային ծրագիրը սահմանափակելու նախագիծը, բայց այժմ Դոնալդ Թրամփի թշնամությունը պատճառ է դարձել, որ Իրանը չկարողանա օգտվել այդ համաձայնագրի տնտեսական օգուտներից»:
«Եվրոպացիները պետք է ուշադրություն դարձնեն ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի մտահոգությանը և փորձեն փարատել այն»․ ասել է ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը:
Նշենք, որ Իրանի և «5+1» խմբի (Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն և Գերմանիան) միջև կնքված միջուկային համաձայնագիրը 2016 թվականի հունվարից ուժի մեջ է մտել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է խափանել այն, սակայն միջազգային հանրությունը դեմ է նրա այդ քայլին: