Իլհամ Ալիև. Իրան-Ադրբեջան հարաբերությունները երբեք նման լավ մակարդակի վրա չեն եղել
Ադրբեջանի նախագահը, հինգշաբթի օրը , ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել է. «Երկու երկրի հարաբերությունները երբեք նման լավ մակարդակի վրա չեն եղել»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իլհամ Ալիևը նշել է, որ տարածաշրջանային սպառնալիքները լուրջ են, իսկ ԻԻՀ-ն ապահով ու կայուն երկիր է: Նա տարբեր բնագավառներում, այդ թվում տարանցման ու բանկային ոլորտներում երկու երկրի միջև սերտ համագործակցության ցանկություն է հայտնել:
Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև վերջին տարիներին երկու երկրի պաշտոնյաների կանոնավոր հանդիպումներին իր ուրախությունը հայտնել Նովռուզյան տոների ընթացքում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու Բաքու կատարելիք ուղևորության կապակցությամբ:
Հանդիպման ժամանակ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադառնալով երկու երկրի հարաբերություններում առկա բազմաթիվ հնարավորություններին, ասել է. «Թեհրանը գոհ է երկու երկրի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև ձևավորված համագործակցության ընթացքից»:
ԻԻՀ ԱԳ նախարարը միևնույն ժամանակ չափազանց կարևոր է բնորոշել տարածաշրջանում էներգակիրների փոխանցման գծերի ստեղծման ուղղությամբ երկու երկրի դերակատարությունը: Նա ողջունել է Պարսից ծոցից Սև ծով տարանցիկ նախաձեռնությունը և ընդգծել դրա գործադրմանը թափ հաղորդելու անհրաժեշտությունը:
ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի երեկոյան Բաքվից մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ մասնակցելու է Աստանայի գործընթացը երաշխավորած երեք երկրների Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների նիստին: