Իրանը հիմնվելով իր կարողությունների վրա, կդիմադրի ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն արձագանքելով Իրանի նավթի վաճառքը դադարեցվելու մասին ամերիկացի մի պաշտոնատարի հայտարարությանն ասել է. «Իրանը, հիմնվելով իր ներքին կարողությունների վրա և օգտվելով միջազգային պոտենցիալից, կդիմադրի ԱՄՆ-ի պատժամիջոցներին»:
Բահրամ Ղասեմին չորեքշաբթի օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցի ժամանակ ընդգծել է. «Չնայած գործադրվող ճնշումներին, Իրանը կշարունակի խաղաղատենչ քաղաքականություններն ու ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման ուղղությամբ ջանք կգործադրի»:
ԱՄՆ պետքարտուղարության մի պաշտոնատար երեքշաբթի օրն ասել էր, որ Վաշինգտոնը բոլոր երկրներից պահանջել է 2018 թվականի նոյեմբերից դադարեցնել Իրանից նավթ գնելը:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի կարող շարունակել իր ձախողած ու միահեծան քաղաքականությունների գործադրումը: Նա ասել է. «ԱՄՆ-ն պիտի ընդունի, որ կորցրել է աշխարհում իր նախկին դիրքը»:
«Թրամփի վարած քաղաքականությունն ի վերջո ԱՄՆ-ին առաջնորդելու է այն ուղղությամբ, որ կրկին միջազգային ասպարեզում պարտավորվելու է տասնյակ տրիլիոն դոլարներ ծախսել այնպիսի քայլերի համար, որոնք հիմնականում չեն համապատասխանում համաշխարհային իրողություններին ու խոհեմությանը և մի առ ժամանակ անց ձախողելու են»,-հայտարարել է Ղասեմին նշելով, որ մի անհատի կամ երկրի քաղաքականությունների թելադրումն այլ երկրներին միջնադարյան քաղաքականություն է համարվում: