ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության քննադատությունը Եվրասիական համաժողովի ուշագրավ կետն էր. Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ավարտելով Թուրքիա կատարած երկօրյա այցը, չորեքշաբթի առավոտյան ժամանել է Թեհրան:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Թուրքիայի Անթալիայում գումարված Եվրասիական տարածաշրջանի երկրների խորհրդարանների ղեկավարների 3-րդ համաժողովի ուշագրավ կետն ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանն ուղղված քննադատությունը և աշխարհի անվտանգության ու զարգացման համար ԱՄՆ-ի քաղաքականություններից տարբեր երկրների դժգոհությունն էր»:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադարձել է նաև համաժողովին առընթեր այլ երկրների խորհրդարանների նախագահների հետ 10 հանդիպումներին: Նա ասել է. «Այս հանդիպումներում, բացի տարածաշրջանային հարցերից ու տարածաշրջանում անապահովության տարածմանը հանգեցնող քայլերից, մտքերի փոխանակում կատարվեց նաև երկկողմ առևտրական հարաբերությունների ընդլայնման շուրջ»:
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրասիական տարածաշրջանի երկրների խորհրդարանների ղեկավարների 3-րդ համաժողովը, երեքշաբթի օրը ամփոփիչ հաղորդագրություն հրապարակելով, ավարտեց իր աշխատանքը:
Եվրասիական տարածաշրջանի երկրների խորհրդարանների ղեկավարների 3-րդ համաժողովի հաղորդագրության մեջ ընդգծվել է բնապահպանական հարցերի, նաև կայուն զարգացման շուրջ անդամ երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: