Եվրոպան կարևորել է Իրանի կառուցողական դերը Եմենի ճգնաժամի կարգավորման գործում
Ընդգծելով, որ Եմենի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Իրան-Եվրամիության համատեղ ջանքերն արդյունավետ են եղել, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին անհրաժեշտ է համարել այդ ճգնաժամի կարգավորման համար Իրանի հետ սերտ համագործակցության շարունակումը:
Իրանը, որպես տարածաշրջանի ազդեցիկ երկիր, մշտապես ձգտել է քաղաքական ճանապարհով կարգավորել տարածաշրջանային ճգնաժամերը, այդ թվում՝ Եմենի ճգնաժամը: Ուստի վերջին շաբաթների ընթացքում իրանցի պաշտոնյաները խորհրդակցություններ են վարել տարածաշրջանի երկրների ու Եվրոպայի որոշ պաշտոնատարների հետ:
2015 թվականի մարտից ի վեր, Եմենը գտնվում է Սաուդյան Արաբիա- Էմիրություններ կոալիցիայի վայրագ հարձակումների թիրախում և Արաբիան ու նրա դաշնակիցները ԱՄՆ-ի կանաչ լույսով և Եմենի հրաժարական տված նախագահ Աբդ Ռաբե Մանսուր Հադիին իշխանություն վերադարձնելու պատճառաբանությամբ, ծավալուն պատերազմ են սանձազերծել Եմենի դեմ: Այդ պատերազմն այն դեպքում է շարունակվում, երբ սաուդյան կոալիցիան կարծում էր, որ կկարողանա կարճ ժամանակամիջոցում հասնել իր նպատակներին և հաղթել Եմենի դեմ մղած պատերազմում: Սակայն Եմենի ժողովրդի դիմադրությունը երկարաձգեց այդ պատերազմը և սաուդյան կոալիցիային էլ չհաջողվեց իրականացնել իր նպատակը:
Թեև արևմտյան լրատվամիջոցներն ու պաշտոնյաներն անտեսում են Եմենում սաուդցիների ոճրագործությունները, բայց Եմենում ստեղծված հումանիտար աղետի և այնուհետև հոկտեմբերի սկզբին Թուրքիայում Արաբիայի ռեժիմի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության հետևանքով, իրավիճակը փոխվեց: Ընդ որում, Արևմուտքում հանրային կարծիքն ուղղվեց Սաուդյան Արաբիայի դեմ, պահանջելով դադարեցնել Եմենում ընթացող պատերազմը և պատժամիջոցներ կիրառել Ռիադի դեմ:
Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասն այդ հարցով հայտարարել է, որ Արաբիայի 18 քաղաքացու նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Նրա խոսքով, այդ անձինք Շենգենյան գոտում ընդգրկված երկրներ մուտք գործելու իրավունք չունեն:
Ներկայումս Եմենում խաղաղություն հաստատելու համար ճնշումներն ու բանակցություններն ավելացել են, և եվրոպացի պաշտոնյաները կարևորում են Եմենում բախումներին վերջ դնելու հարցում Իրանի կառուցողական դերակատարությունը: Հատկանշական է, որ Իրանը վաղուց նախագիծ էր ներկայացրել Եմենի պատերազմին վերջ դնելու համար:
Իրանի առաջարկած նախագծում անդրադարձ է արվել հրադադարի անհապաղ հաստատմանը, օտարերկրյա ռազմական հարձակումների վերջ դնելուն, մարդասիրական օգնությունների հայթայթմանը, ազգային երկխոսության վերսկսմանը և համապարփակ ազգային միասնության կառավարության ստեղծմանը:
Այս կապակցությամբ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, նշելով, որ Եմենի ճգնաժամը կարող է կարգավորվել միմիայն եմենական-եմենական ձևաչափով երկխոսության միջոցով, այն էլ առանց օտարերկրյա միջամտության, ասել է.«Իրանը պատրաստ է այս հարցում ամեն կարգի օգնություն ցուցաբերել: Իրանի առաջարկած նախագիծը, որ Եմենի պատերազմի սկզբից եղել է Իրանի տարածաշրջանային դիվանագիտության առանցքը, այժմ գտնվում է ուշադրության կենտրոնում»:
Նախատեսված է առաջիկա շաբաթների ընթացքում Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում ՄԱԿ-ի վերահսկողությամբ Եմենի պատերազմին վերջ դնելու հարցով անցկացնել բանակցություններ: Խորհրդակցություններն արդեն սկսվել են և արևմտյան պաշտոնատարները ևս կարևորել են Իրանի դերակատարությունը Եմենի պատերազմին վերջ տալու հարցում:
Այնուամենայնիվ պետք է սպասել արևմտյան պետությունների գործնական քայլերին :