Մեկնաբանություն. Էրաղչի.«ՀԳՀԾ-ն հայտնվել է ծանր պայմաններում»
Բրյուսելում Իրանի ու Եվրոպայի միջուկային խաղաղ համագործակցության թեմայով երրորդ սեմինարի ժամանակ, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«ՀԳՀԾ-ն քաղաքական կարևոր ձեռքբերում է և Իրանը լիարժեքորեն հավատարիմ է մնացել իր ստանձնած պարտավորություններին: Սակայն իրողությունն այն է, որ դեռ չեն իրականացվել այն գործնական մեխանիզմները, որոնց միջոցով Իրանը կարող է օգտվել ՀԳՀԾ-ի տնտեսական առավելություններից»:
Էրաղչին նշել է, որ այս գործընթացի շարունակվելը հոսադրիչ չէ և այս համաձայնությունը ծանր պայմաններում է գտնվում:
Նոյեմբերի 26-ին, Բրյուսելում մեկնարկել է Իրան-Եվրամիություն միջուկային համագործակցության մասին երրորդ սեմինարը՝ «Ձեռքբերումներ ու ակնկալիքներ» թեմայով: Այս սեմինարը կայանում է այն պայմաններում, երբ շարունակվում են Իրանի ու եվրոպական երեք երկրների միջև բանակցությունները՝ ֆինանսական հատուկ մեխանիզմ մշակելու համար:
ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է, որը ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները վավերացրել են թիվ 2231 բանաձևի շրջանակում: Սակայն ԱՄՆ-ն այդ համաձայնությունից դուրս գալով և շրջափակումները վերականգնելով, ոչ միայն ոտնահարել է այն, այլև մյուս երկրներին պատժում է դրան հետևելու համար և զրոյի է հասցրել այդ համաձայնության շրջանակում Իրանի շահերին հասանելիությունը:
Ներկայումս ԱՄՆ-ի սպառնալիքներով ու շրջափակումներով, միջազգային ընկերությունները պարտավոր են ավելի լուրջ քայլեր ձեռնարկել ՀԳՀԾ-ն պահպանելու համար:
Եվրամիությունը պարտավոր է դիմակայել ԱՄՆ-ի ճնշումներին, բայց թե ինչքանով է կարող հաջողել, դա մտածելու տեղիք է տալիս:
Reed Smith իրավական ընկերության պատժամիջոցների հարցերով փորձագետ Բրեթ Հիլիսն ասում է.«Եվրամիության ծրագրերում ոչինչ չկա, որ Իրանում ակտիվ եվրոպական ընկերություններին հեռու պահի շրջափակումների դժվարին պայմաններից»:
Նման պայմաններում, Եվրամիությունը չի կարող խոշոր ընկերություններին խրախուսել շարունակել Իրանի հետ հարաբերությունը: Այդ իսկ պատճառով, քաղաքական հարցերով Իրանի փոխարտգործնախարարը Բրյուսելում ասել է.«Միջուկային խաղաղ համագործակցության շարունակման և ՀԳՀԾ-ի 3-րդ հավելվածի գործադրման համար անհրաժեշտ է Եվրոպայի ֆինանսական հատուկ մեխանիզմի գործադրումը»:
ՀԳՀԾ-ի երրորդ հավելվածի համաձայն, կողմերը համաձայնության են եկել տարբեր նախագծերի շուրջ, որոնց թվում է Սթրես-թեստավորման նախագիծը Բուշերի ատոմակայանում և Եվրամիության կողմից 25 միլիոն եվրոյի ներդրմամբ միջուկային անվտանգության գերագույն կենտրոնի ստեղծման ուղղությամբ համագործակցությունը:
Մայիսին թուիթերում կատարած գրառման մեջ, Իրանի նախագահի խորհրդական Համիդ Աբութալեբին նշել էր, որ երաշխիքները պետք է ապահովեն ԻԻՀ քաղաքական, տնտեսական ու անվտանգության հետ կապված բոլոր իրավունքները:
ՀԳՀԾ-ն պահպանելու համար տնտեսական երաշխիքների ձեռքբերման համար երկար ճանապարհ պետք է անցնել: Սակայն եթե կողմերը չկարողանան պահպանել այս համաձայնությունը, Եվրամիության նկատմամբ անվստահություն է առաջանալու, որն էլ պարզելու է ՀԳՀԾ-ի կապակցությամբ Իրանի վերջնական որոշումը: