Բեռլինը դեմ է Գերմանիայում ԱՄՆ-ի միջուկային հրթիռների տեղակայմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102491-Բեռլինը_դեմ_է_Գերմանիայում_ԱՄՆ_ի_միջուկային_հրթիռների_տեղակայմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի հոտկեբմերի 20-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս կգա Միջին հեռահարության միջուկային ուժերի համաձայնագրից (INF): Այդ ռազմավարական նշանակություն ունեցող համաձայնագրից դուրս գալու գլխավոր պատրվակը Ռուսաստանի կողմից պայմանագրի դրույթների խախտումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2018 14:22 Asia/Tehran
  • Բեռլինը դեմ է Գերմանիայում ԱՄՆ-ի միջուկային հրթիռների տեղակայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի հոտկեբմերի 20-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս կգա Միջին հեռահարության միջուկային ուժերի համաձայնագրից (INF): Այդ ռազմավարական նշանակություն ունեցող համաձայնագրից դուրս գալու գլխավոր պատրվակը Ռուսաստանի կողմից պայմանագրի դրույթների խախտումն է:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, դեկտեմբերի 4-ին Ռուսաստանին  վերջնագիր ներկայացնելով, հայտարարեց, որ Վաշինգտոնը  Ռուսաստանի Դաշնությանը 60 օր է տվել 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման համար: Հակառակ դեպքում` Վաշինգտոնը սպառնում է լքել համաձայնագիրն ու նոր հրթիռներ ստեղծելու, փորձարկելու, տեղակայելու հնարավորություն ստանալ: 

ԱՄՆ-ի դիրքորոշումը գուժում է աշխարհում սպառազինական նոր խոշոր մրցավազք, ինչն առաջին հերթին լուրջ խնդիրներ կառաջացնի Եվրոպայի համար: Եթե ԱՄՆ-ն վերջնականապես դուրս գա INF համաձայնագրից,  ոչ միայն միջին և կարճ հեռահարության քրուզ և բալիստիկ հրթիռների ընդլայնումն ու այլ երկրներում դրանց տեղակայման գործընթացը կվերսկսվի, այլև կարելի է կանխատեսել, որ Վաշինգտոնն այդ սպառազինությունը դարձյալ կտեղակայի Եվրոպայում, ինչին անշուշտ կարձագանքի Ռուսաստանը: 

Եվրոպացիները վախենում են, որ կարող են Եվրոպայում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջուկային առճակատման ականատեսը լինել:

Այս կապակցությամբ, Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ իր երկիրը դեմ է Գերմանիայում և ողջ Եվրոպայում միջուկային միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը: Մաասի խոսքով, եթե «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագիրը տապալվի,  Գերմանիան կդիմակայի նոր միջուկային սպառազինության տեղակայմանը: Բեռլինը պնդում է, որ Գերմանիայի տարածքում նոր միջին հեռահարության միջուկային հրթիռների տեղակայումը խիստ ընդդիմության կարժանանա: Գերմանացի պաշտոնյայի խոսքով, ի հակազդեցություն համաձայնագրի դրույթների խախտման, միջուկային սպառազինություն տեղակայելու և  տարածելու քայլն իրականում հետևում է նույն սառը պատերազմի ժամանակաշրջանի տրամաբանությանը:

Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային հրթիռների հավանական տեղակայմանը խիստ արձագանքել է նաև Ռուսաստանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ եթե  ԱՄՆ-ի միջուկային նոր հրթիռները տեղակայվեն Եվրոպայում, Ռուսաստանը ևս համարժեք քայլի կդիմի: ԱՄՆ-ի հրթիռային համակարգերը հյուրընկալող ցանկացած եվրոպական երկիր, կհայտնվի Ռուսաստանի հարձակումների թիրախում: 

Բեռլինի տեսակետից, ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է վերանայեն մինչ այժմ ձեռք բերված սպառազինական համաձայնությունները և փորձեն նոր սպառազինություն ավելացնել դրանց ու սպառազինությունների վերահսկման  նոր  մեխանիզմ ստեղծել: 

Չնայած Եվրոպան պահանջել է, որ Վաշինգտոնը վերանայի իր որոշումը, բայց կան փաստեր, որոնց համաձայն, Թրամփի կառավարությունը չի նահանջել այդ հարցում: 

INF համաձայնագիրը կողմերին արգելում է Եվրոպայում բալիստիկ և քրուզ հրթիռներ տեղակայել: Թեև եվրոպացիները ևս ինչպես ամերիկացիները համոզված են, որ Ռուսաստանը խախտել է միջին հեռահարության միջուկային ուժերի համաձայնագիրը, բայց կարծում են, որ հարցի լուծումը համաձայնագրից դուրս գալը չէ, այլ պետք է բանակցել Մոսկվայի հետ, վերջինիս ստիպելու հարգել համաձայնագրի դրույթները: Իրողությունն այն է,որ ներկա դրությամբ INF համաձայնագրի շարունակումը  ո՛չ  արևմուտքի և ո՛չ էլ Մոսկվայի ուզածն է: Վաշինգտոնի դիտանկյունից պետք է Չինաստանը ևս միանա համաձայնագրին, քանի որ մեծ թափով ընդլայնում է իր միջին և կարճ հեռահարության հրթիռային համակարգերը: Իսկ ռուսները կարծում են, որ ԱՄՆ-ն պետք է վերջ դնի  INF համաձայնագրի խախտման դեպքերին և  Եվրոպայում հակահրթիռային համակարգերի տեղակայմանն ու տեղակայված ատոմային ռումբերի օպտիմալացմանը: