Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել. Վաշինգտոն-Պեկին առճակատումն ուժեղացել է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107438-Թրամփը_նոր_հրամանագիր_է_ստորագրել._Վաշինգտոն_Պեկին_առճակատումն_ուժեղացել_է
Միացյալ Նահանգները և Չինաստանը տարաձայնություններ ունեն քաղաքական, առևտրային, տնտեսական, ռազմական, անվտանգության և ռազմավարական հարթություններում:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Մայիս 16, 2019 15:37 Asia/Tehran
  • Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել. Վաշինգտոն-Պեկին առճակատումն ուժեղացել է

Միացյալ Նահանգները և Չինաստանը տարաձայնություններ ունեն քաղաքական, առևտրային, տնտեսական, ռազմական, անվտանգության և ռազմավարական հարթություններում:

Վաշինգտոնը ոչ միայն մտադիր չէ փոխզիջման գնալ Պեկինի հետ, այլ ցանկանում է կանխել Չինաստանի տեխնոլոգիական զարգացումն ու գերակայությունը: Վաշինգտոնն այժմ իր ավերիչ քայլերի թիրախ է դարձրել չինական հեռահաղորդակցային սարքավորումների ամենախոշոր արտադրող Huawei ընկերությանը: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-ին հրամանագիր է ստորագրել՝ «ազգային արտակարգ դրություն» հայտարարելով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների սպառնալիքների հետ կապված։  Հրամանագիրն արգելում է ամերիկյան ընկերություններին օգտագործել օտարերկրյա հեռահաղորդակցության ծառայություններ, քանի որ, ըստ Թրամփի՝ դրանք ազգային անվտանգության ռիսկեր են պարունակում: ԱՄՆ նախագահի հրամանագրով արգելվելու է չինական հեռահաղորդակցային սարքավորումների ամենախոշոր արտադրող Huawei ընկերության սարքավորումների օգտագործումը:

ԱՄՆ առևտրի նախարար Վիլբեր Ռոսի խոսքով՝ այդ հրամանը ավելի քան մեկ տարի քննարկվել է, որի նպատակն է  պաշտպանել ամերիկյան համակարգչային ցանցերը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում առկա օտարերկրյա սպառնալիքներից:

ԱՄՆ Կոնգրեսի անդամ երկրները պնդում են, որ այդ հրամանագիրն ուղղված է  նախևառաջ  Չինաստանի  Huawei ընկերության դեմ: Նրանց խոսքով, Չինաստանի կառավարությունն այդ ընկերության սարքավորումներն օգտագործում է լրտեսական նպատակներով: Դա այն դեպքում, երբ  Huawei ընկերությունը հերքել է այդ մեղադրանքը: 

Թրամփի հրամանն այն դեպքում է արձակվել, երբ վերջերս սրվել է աշխարհի խոշոր տնտեսության տեր երկու երկրներ՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային պատերազմը: Ներկայումս Huawei ընկերության դեմ Թրամփի վարչակազմի նոր ու լուրջ քայլով, Վաշինգտոնի ու Պեկինի միջև առկա լարվածությունն ու առճակատումը նոր երանգ կստանա:

Huawei  չինական ընկերությունը համարվում է աշխարհում հեռահաղորդակցային սարքավորումների և սմարթ հեռախոսների ամենախոշոր արտադրողը: ԱՄՆ-ն մեկ տասնամյակ ի վեր այդ ընկերությանը մեղադրում է Չինաստանի օգտին լրտեսություն իրականանցելու և Արևմուտքի անվտանգության համար վտանգ ներկայացնելու մեջ:  

Թրամփի կառավարությունը տարբեր պատրվակներով, այդ թվում՝ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներով, մեծ ճնշում է գործադրում իր դաշնակիցների նկատմամբ՝ այդ երկրներում Huawei ընկերության  գործունեությունը կանխելու համար: Սակայն Գերմանիան և Բրիտանիան դեմ են հանդես եկել ԱՄՆ-ի այդ պահանջին: Վաշինգտոնն իր դաշնակիցներին կոչ է արել արգելել Հուավեյի և մյուս չինական ընկերությունների ներգրավվածությունը հեռահաղորդակցության  ենթակառուցվածքների կարևոր նախագծերում: Վերջին տարիների ընթացքում Huawei ընկերության հեռահաղորդակցային սարքավորումների  օգտագործումը ԱՄՆ-ում անվտանգության հետ կապված մտահոգությունների տեղիք է տվել: Թե՛ Օբամայի և թե՛ Թրամփի կառավարությունները եվրոպական երկրներին կոչ են արել սահմանափակել այդ չինական ընկերության արտադրանքների օգտագործումը:

Ներկայումս ընկերությունը հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ու բջջային հեռախոսների ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է համարվում: Չինաստանի տեսանկյունից, ԱՄՆ-ի կողմից Huawei ընկերությանը լրտեսության մեջ մեղադրելու կարևորագույն պատճառը ամերիկյան մրցակից ընկերությունների շահերի պահպանումն է և ԱՄՆ-ի ներքին շուկայում այդ ընկերության արտադրանքների ներթափանցման կանխումը: Ընկերության արտադրանքը համաշխարհային շուկաներում չինացիների հզորության խորհրդանիշն է: