Թրամփի կառավարությունն օգնելու է Սաուդյան Արաբիային լազերային ռումբերի արտադրման հարցում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108223-Թրամփի_կառավարությունն_օգնելու_է_Սաուդյան_Արաբիային_լազերային_ռումբերի_արտադրման_հարցում
Իշխանության գալուց ի վեր, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ ուշադրություն է տածում Արևմտյան Ասիայում արաբ դաշնակիցների, հատկապես Սաուդյան Արաբիայի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2019 14:57 Asia/Tehran
  • Թրամփի կառավարությունն օգնելու է Սաուդյան Արաբիային լազերային ռումբերի արտադրման հարցում

Իշխանության գալուց ի վեր, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ ուշադրություն է տածում Արևմտյան Ասիայում արաբ դաշնակիցների, հատկապես Սաուդյան Արաբիայի նկատմամբ:

Այդ ուղղությամբ, Թրամփի համաձայնությամբ, զենքերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան «Raytheon» ընկերությունը տեղեկություններ ու տեխնոլոգիա է փոխադրում Սաուդյան Արաբիա և Ռիադին առիթ է ընձեռում լազերային խելացի ռումբեր արտադրել:

Սաուդյան Արաբիային թույլատրվում է այդ ընկերության համագործակցությամբ, Paveway կառավարվող հրթիռների համար անհրաժեշտ կառավարող համակարգեր ու էլեկտրական մասնիկներ արտադրել:

Այդ հոսքագիծը Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Հորդանանի հետ ԱՄՆ-ի ութ միլիարդ դոլարանոց սպառազինական փաթեթի մի մասն է, որի մասին հայտարարվել է շուրջ երկու շաբաթ առաջ:

Թրամփի կառավարությունը Կոնգրեսի կոմիտեներին տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Հորդանանի հետ իրագործելու է 22 ռազմական պայմանագիր: Թրամփն այս սպառազինական գործարքներն իրականացրել է առանց Կոնգրեսի հաստատման և երկրում ազգային արտակարգ դրություն հայտարարելու պատրվակով:

Թրամփի կառավարության այս քայլը զայրացրել է ԱՄՆ-ի օրենսդիրներին: Կոնգրեսականներն ավելի վաղ զգուշացրել էին, որ Թրամփը մտադիր է զենքի վերահսկման օրենքի որոշ կետերից օգտվելով, վերջնականացնել Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին զենքի վաճառքի մասին պայմանագրերը:

Թրամփը միշտ է հովանավորել է Սաուդյան Արաբիային և այդ երկիրը տարածաշրջանում Վաշինգտոնի տնտեսական ու ռազմավարական գործընկերն ու ամերիկյան զենքի ամենամեծ գնորդներից է: ԱՄԷ-ը ևս Վաշինգտոնի տարածաշրջանային կարևոր գործընկերն է և տարեկան մեծ քանակության զենքի է գնում ԱՄՆ-ից: Հետևաբար Թրամփի կառավարությունը չի ցանկանում կրճատել Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի հետ իր հարաբերությունները:

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններն այն համոզման են, որ Արաբիայում լազերային ռումբերի մասնիկների արտադրությունը կհանգեցնի Ռիադի կողմից այդ արդիական ռումբերի արտադրության և այդ ռումբերը կօգտագործվեն Եմենի իրավազրկված ժողովրդի սպանության համար:

Մինչ օրս Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով, զոհվել ու վիրավորվել են հազարավոր եմենցիներ և բազում ավերածություններ են առաջացել իսլամական այդ աղքատ երկրում:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ արևմտյան պետությունները զենքի վաճառքի շահի փոխարեն, պետք է օրակարգում դնեն իրենց օրինական հանձնառություններն ու միլիոնավոր խաղաղ եմենցիների կյանքը:

2019թ. ապրիլից, Թրամփը վետո դնելով Եմենի պատերազմում ԱՄՆ-ի մասնակցության դադարեցման մասին նախագծի վրա, օրենսդիրներին հիշեցրեց, որ պատերազմի շարունակման մասին որոշումը նախագահն է կայացնելու և Կոնգրեսը չպետք է միջամտի այդ հարցում:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ Թրամփի կառավարությունը վճռակամ է հովանավորելու  սաուդցի ու էմիրաթցի ոճրագործներին, կարելի է ակնկալել, որ սաուդյան կոալիցիան, լազերային ռումբերից օգտվելով, կավելացնի Եմենի օդային տարածքների դեմ հարձակումները:

Այդպիսով Թրամփի կառավարությունն ուղղակիորեն հանցակից է Եմենի ժողվրդի դեմ սաուդցիների ու էմիրաթցիների ոճրագործություններում: