Մամուլի տեսություն 01.07.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108994-Մամուլի_տեսություն_01.07.2019
Դոնալդ Թրամփը ոտք է դրել Հյուսիսային Կորեայի հողի վրա: Այսօր իրանական մամուլի գլխագրերը վերաբերում էին այդ խորհրդանշական քայլին և Կիմ Չեն Ընի ու Թրամփի սիրալիր զրույցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2019 14:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01.07.2019

Դոնալդ Թրամփը ոտք է դրել Հյուսիսային Կորեայի հողի վրա: Այսօր իրանական մամուլի գլխագրերը վերաբերում էին այդ խորհրդանշական քայլին և Կիմ Չեն Ընի ու Թրամփի սիրալիր զրույցին:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Թրամփի և Ընի անսպասելի ցուցադրական հանդիպումը

ԱՄՆ նախագահը ցուցադրական հանդիպում է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ և ոտք է դրել ԱՄՆ-ի մեծագույն թշնամու հողի վրա: Արևմուտքի շատ քաղաքական գործիչներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և միջազգային հարցերի նկատմամբ նրա մոտեցման վերաբերյալ համակարծիք են: Նրանք համոզված են, որ Սպիտակ Տուն մուտք գործելուց ի վեր Թրամփն ստեղծված  ճգնաժամերը կարգավորելու մտադրություն չի ունեցել, որպեսզի կարողանա մշտապես իրեն ցուցադրել հեռուստաէկրաններին ու թերթերի էջերում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային և Հյուսիսային Կորեաների սահմանին ապառազմականացված գոտում  հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:Երկու առաջնորդների հանդիպումն այդ վայրում տեղի է ունեցել պատմության մեջ առաջին անգամ: Թրամփը նաև առաջին ԱՄՆ նախագահն է դարձել, որը ոտք է դրել Հյուսիսային Կորեայի տարածք: Թրամփը հատել է  երկու Կորեաներին սահմանազատող  գիծը և հայտնվել  Հյուսիսային Կորեայի տարածքում:

Թրամփը հայտարարել է, որ սահմանը հատելու խորհրդանշական քայլն իր համար «մեծ պատիվ էր»:

«Ուրախ եմ քեզ նորից տեսնել»,- հանդիպման սկզբում ԿԻմ Չեն Ընին է դիմել Թրամփը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ հենց այստեղ  Կիմ Չեն Ընին հրավիրում է Սպիտակ Տուն:

Նա նաև հայտնել է, որ 2-3 շաբաթից  տեղի կունենա երկու երկրի բանակցող խմբերի հանդիպումը: 

 

«Քեյհան» օրաթերթ

Եմենի հեղափոխականներն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Սաուդյան Արաբիայում գտնվող Ջազանի  օդանավակայանի  վրա

Եմենի բանակը վերջին մեկ ամսվա ընթացքում «Օդանավակայանի դիմաց օդանավակայան», ռազմավարության իրագործման շրջանակում բազմիցս հարձակվել է սաուդյան ռազմական օդանավակայանների վրա: Սաուդյան ռեժիմի հարավային նահանագների՝ Ասիրի, Ջազանի ու Նաջրանի օդանավակայանները որպես Եմենի «Անսար Ալլահ» շարժման նպատակակետեր են ներկայացվել Ալե Սաուդյան ռեժիմի ագրեսիային արձագանքելու համար: Եմենի հեղափոխականներն ընդգծել են, որ քանի դեռ այդ ագրեսիան շարունակվում է, Արաբիայի ու Էմիրությունների  վրա հարձակումները ևս կշարունակվեն: Այդ ռազմավարության արդյունքում Էմիրություններն իր մի խումբ զինծառայողներին դուրս է բերել Եմենից: 

 

«Խորասան» օրաթերթ

Գիտության արտադրության առումով  Իրանն առաջին տեղն է զբաղեցնում Միջին Արևելքում

SCImago տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն, գիտական արտադրանքների առումով, 2018թ. Իրանն առաջին տեղն է զբաղեցրել Արևմտյան Ասիայում:

SCImago կենտրոնի տվյալների համաձայն՝ իրանցի գիտնականները 2018 թվականին 60 հազար 268  գիտական հոդված են հրապարակել, որոնցից 54 հազար 915-ին կարելի է հղում կատարել:մԹուրքիան 15 հազար հոդված պակաս ունենալով, SCImago տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի դասակարգման աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը: 

 

«Ջավան» օրաթերթ

Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն. «INSTEX-ից անկախ ծրագրեր ունենք»

Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն՝ Աբդոլնասեր Հեմաթին իր ինստագրամյան էջում գրել է.«Այն դեպքում, երբ Իրանում INSTEX- ի համապատասխան մեխանիզմի գործարկման ենթակառուցվածքն ամբողջացվել է Կենտրոնական բանկի կողմից, ստացված հաղորդումները վկայում են INSTEX մեխանիզմի գործարկման ուղղությամբ Եվրոպայի քայլերի արագացման մասին: Նա նշել է. «INSTEX-ի կայուն գործունեության համար պետք է մի քանի բան հայտնեմ մեր սիրելի ժողովրդին: Առաջին՝ INSTEX-ը հիմնված է ոչ թե ԱՄՆ-ի պատժամիջոցների կանոնների այլև ՀԳՀԾ-ի վրա: Երկրորդ՝ միգուցե սկզբում ներառված լինեն այն ապրանքները, որոնց համար պատժամիջոցներ չեն սահմանվել, սակայն հետագայում այն պետք  է  տարածվի բոլոր ապրանքների վրա: Երրորդ՝ դրանց ռեսուրսներն ապահովվելու են դեպի Եվրոպա նավթի արտահանումների միջոցով»: 

 

Armerpress.am

Հայ մասնագետների հումանիտար առաջին խումբը հաջողությամբ ավարտել է աշխատանքը Սիրիայում և վերադարձել

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խումբը հաջողությամբ ավարտել է աշխատանքը և վերադարձել Հայաստան: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը՝ ամփոփելով հումանիտար խմբի իրականացրած աշխատանքը:

«Առաջին խումբն աշխատանքները սկսեց փետրվարին: Կազմում ներգրավված էին սակրավորներ, բժիշկներ և ռազմական ոստիկանության պահպանող խումբը, որի նպատակն էր իրականացնել առաքելության խմբի մասնակիցների անվտանգությունը հնարավոր դիվերսիոն պատահարներից կամ նմանատիպ այլ միջամտություններից»,-ասաց Ռուբեն Առաքելյանը:

Հումանիտար խումբը տեղում ծանոթացել է ականադաշտերին: Տեղի բնակչության և Սիրիայի իշխանության հետ համատեղ իրականացվել են որոշ տեխնիկական հետազոտություններ և հստակեցվել են հնարավոր ականադաշտերը: Հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա Հալեպ նահանգում առանձնացվել է 5 վտանգավոր տարածք՝ ընդհանուր 1 մլն 315 հազար քմ:

«Առաջին հերթին պետք է ականազերծվեին այն տարածքները, որոնք մոտ էին բնակավայրերին, որպեսզի խուսափեինք մարդկային զոհերից: Ընդհանուր առմամբ, առաջին խմբի կողմից ականազերծվել է 34 հազար 690 քմ տարածք: Հայտնաբերվել են 29 միավոր ական և պայթուցիկ մնացորդ»,-ասաց Ռուբեն Առաքելյանը: Նա ընդգծեց, որ ականների պայթեցման աշխատանքներն իրականցրել են Սիրիայի զինված ուժերի մասնագետները: Ռուբեն Առաքելյանն, ընդհանուր առմամբ, խմբի աշխատանքները բավարար է գնահատում, հաշվի առնելով այն, որ առաքելությունը նոր է և ընթացքում լոգիստիկ խնդիրների լուծման անհրաժեշտություն է եղել: Սիրիա մեկնած երկրորդ խումբն, ըստ Ռուբեն Առաքելյանի, ավելի բարենպաստ պայմաններով է այնտեղ:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը նշեց, որ մարդասիրական օժանդակության շրջանակում հումանիտար ականազերծման աշխատանքներ են իրականացրել՝ արդյունավետ համագործակցելով տեղի և ռուսական զինված ուժերի հետ:

«Իրականացվել է մաքրման աշխատանքների վերլուծություն, որի հիման վրա էլ աշխատել ենք: Հումանիտար ականազերծում իրականացնելու համար շատ կարևոր է տեղի բնակիչների հետ աշխատանքը: Մեզ համար առավել ևս կարևոր գործոն էր հայ համայնքի առկայությունը, զգում էինք նրանց  օժանդակությունը»,-ասաց Արա Մարտիրոսյանը:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, ով օրերս է վերադարձել Սիրիայից, ընդգծեց, որ Սիրիայում հայ համայնքը շատ մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանից եկած հումանիտար խմբին:

«Նույն ջերմ վերաբերմունքը կա սիրիացիների կողմից, ինչը փոխադարձ է, երկկողմ շփումները, կապը մշտապես կան: Մեր բժիշկները ներգրավվել են նաև տեղի բժշկական հաստատությունների աշխատանքներում: Մեծ թվով երեխաների ցուցաբերվել է աջակցություն»,-ասաց Նազելի Էլբակյանը:

Հայաստանից երկրորդ խումբը մեկնել է Սիրիա հունիսի 16-ին, այնտեղ իր առաքելությունն իրականացնելու է 4 ամիս:


 

1in.am

Ճապոնիայում Արա Գյուլերի ցուցահանդեսի բացմանը մասնակցել է նաև Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիայի Կիոտո քաղաքում մասնակցել է աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսի բացմանը։ Այս մասին հաղորդում է TRT-ն։

Միջոցառումը տեղի է ունեցել Տոֆոկուձիի տաճարում։

Էրդողանը հայտարարել է, որ Արա Գյուլերի աշխատանքները, որոնք ներկայացնում են գրեթե կեսդարյա ժամանակահատված, պատվավոր տեղ են զբաղեցնում աշխարհի տարբեր թանգարաններում, հավաքածուներում, ցուցահանդեսներում։

Հիշեցնենք, որ ծագումով հայ լուսանկարիչ Արա Գյուլերը, որը հայտնի էր «Ստամբուլի աչք» անունով, կյանքից հեռացավ 2018թ.-ի հոկտեմբերին՝ 90 տարեկան հասակում։ Գյուլերը աշխարհի լավագույն լուսանկարիչների յոթնյակում էր։

Նրա լուսանկարներից շատերի հերոսները հայտնի մարդիկ են, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլը, Ինդիրա Գանդին, Ալֆրեդ Հիչքոքը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Մերիլին Մոնրոն, Մարիա Կալլասը և այլք։

 

Armerpress.am

Եվրոպայում կստեղծվի աշխարհում առաջին ռազմական ինտերնետը

 

Գերմանիայի և Նիդեռլանդների պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել աշխարհում առաջին ռազմական ինտերնետի ստեղծման մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «lenta.ru»-ն, նախագիծը կոչվելու է Tactical Edge Networking (TEN):

Այն նախատիպ կդառնա ապագայում ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների ռազմական ցանցերի միավորման համար:

TEN-ի գլխավոր գրասենյակը գտնվելու է Գերմանիայի Կոբլենց քաղաքում, իսկ դիզայնի և նախատիպային կենտրոնը տեղակայվելու է Նիդեռլանդների Ամերսֆորտ քաղաքում:

Առաջին փուլում՝ TEN-ի օգնությամբ կապ կհաստատվի գերմանական բանակի և Նիդեռլանդների պաշտպանության նախարարության FOXTROT մարտավարական հեռահաղորդակցային ծրագրի միջև:

TEN-ի ստեղծումը երկու երկրների համար կարժենա մի քանի միլիոն եվրո: Այդ միջոցները կուղղվեն բանակի համար TEN-ի հետ համատեղելի նոր սարքավորումների ձեռքբերմանը: