Մամուլի տեսություն 06.09.2019
Իրանի կողմից իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլին զուգահեռ, ԱՄՆ-ը 15 միլիոն դոլար է խոստացել ԻՀՊԿ-ի վերաբերյալ տեղեկատվության համար:
Համշահրի օրաթերթ
Իրանն արձագանքել է ԻՀՊԿ-ի վերաբերյալ ինֆորմացիայի դիմաց ԱՄՆ-ի խոստացած 15 միլիոն պարգևի մասին հայտարարությանը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ ԻՀՊԿ ֆինանսական շրջանառության վերաբերյալ տեղեկությունների համար տրամադրվելիք գումարը մրցանակ է՝ դավաճանության ու լրտեսության համար: Նա նշել է, որ ԱՄՆ-ի այս քայլը հուսահատական գործողություն է՝ Իրանի ժողովրդի վրա ազդելու համար և ԱՄՆ-ը մի օր պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մենուչինը, Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման շրջանակներում հայտարարել է որ ցանկացած անձ կամ ընկերություն, որ որևէ առնչություն կունենա պատժամիջոցների ենթարկված իրանական ցանցերի հետ, կենթարկվի ֆինանսական տույժի:
Համշահրի օրաթերթ
Թրամփը ցանկություն է հայտնել ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ
ԱՄՆ կառավարության իրազեկ աղբյուրը տեղեկացրել է, որ Վաշինգտոնն առաջարկել է, որպեսզի Դոնալդ Թրամփն իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում:
Այն բանից հետո, երբ Իրանի նախագահն ԱՄՆ-ի հետ բանակցությունը խելագարություն անվանեց, ԱՄՆ կառավարության մի պաշտոնյա հայտարարեց, որ Վաշինգտոնը Թրամփին առաջարկել է Նյու Յորքում հանդիպել Ռոհանիին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթաժողովը տեղի կունենա Նյու Յորքում՝ սեպտեմբերի վերջին:
Իրան օրաթերթ
ԱՄՆ-ը դադարեցրել է մի քանի ռազմական նախագծերի իրականացումը՝ Մեքսիկայի հետ պատի կառուցումը ֆինանսավորելու համար
Պենտագոնի զեկույցի համաձայն, այս երկիրը չեղարկել է 3.6 միլիարդ դոլար արժողությամբ մի քանի ներքին ու արտասահմանյան ռազմական նախագծեր: Պենտագոնի հրապարակած փաստաթղթերի համաձայն, 127 ռազմական շինարարական նախագծերի բյուջեն ուղղվելու է 280 կմ երկարությամբ սահմանային պատի կառուցմանը:
Մեկ այլ հայտարարության մեջ, Պենտագոնը նշել է, որ արտասահմանյան նախագծերից կրճատվել է 1.8 միլիար դոլար:
Հրապարակված փաստաթղթերում նշված են նախագծերը, որոնք պետք է իրականացվեին Մեծ Բրիտանիայում, Էստոնիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Թուրքիայում, Հունաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Նորվեգիայում, Ռումինիայում, Իսպանիայում և այլ երկրներում:
panarmenian.net
Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է չեղարկել պատգամավորների անձեռնմխելիությունը
Փաստաթղթով դա նախատեսվում է անել 2020-ից: Օրենքն ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարի 1-ից: Այժմ օրինագիծը պետք է ստորագրի խորհրդարանի ղեկավարը, որից հետո այն կներկայացվի նախագահ Վլադիմիր Զելենսկու ստորագրմանը, գրում է ՌԲԿ-Ուկրաինան:
Օրինագծին կողմ է քվեարկել 373 պատգամավոր: Պատգամավորները ոտնկայս ծափահարել են օրենքի ընդունմանը:
panarmenian.net
ՀՀ-ն մասնակցում է «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության ակտիվ փուլին
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս. Գալստյանը սեպտեմբերի 5-ին Աստրախանում կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին, հայտնում է ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը նախորդող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի հերթական նիստին մասնակցել է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ - վարչության պետ Ա. Վարդանյանը:
armenpress.am
Բահամներում «Դորիան» փոթորկի զոհերի թիվը հասել Է 30-ի
Բահամներում «Դորիան» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 30-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, CNN հեռուստաալիքին հայտնել Է Բահամյան կղզիների վարչապետ Հյուբերտ Մինիսը: Ընդսմին, Բահամների զբոսաշրջության եւ ավիացիայի նախարար Ջոյ Ջիբրիլուի խոսքով՝ անհետ կորածների թիվը կարող է հասնել հազարի:
«Հասարակայնությունը պետք Է պատրաստ լինի զոհվածների թվի ու մարդկային տառապանքների վերաբերյալ աներեւակայելի տեղեկատվության»,- նախազգուշացրել Է Բահամյան կղզիների առողջապահության նախարար Դուեյն Սենդսը:
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունն իր հերթին հայտնել Է, որ իրեն հաջողվել Է փրկել 201 մարդու: Սեպտեմբերի 2-ին «Դորիան» փոթորիկը հասել Է Բահամյան կղզիների հյուսիսային մաս: Դա ամենաուժեղ փոթորիկն Է, որը երբեւիցե մոլեգնել Է Բահամներում: Ժամում մինչեւ 298 կիլոմետր արագությամբ քամիներն ու տեղատարափները ավերել կամ լրջորեն վնասել են Բահամյան արշիպելագի կղզիների 70 հազար բնակիչների տների գրեթե կեսը:
ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի վերջին գնահատումների համաձայն՝ «Դորիանն» այժմ գտնվում Է ԱՄՆ-ի Ուիլմինգթոն ափամերձ քաղաքից (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) մոտավորապես 60 կիլոմետր հարավ - արեւելք ընկած շրջանում եւ շարժվում Է հյուսիսարեւելյան ուղղությամբ՝ վայրկյանում 5,9 մետր արագությամբ: Մթնոլորտային երեւույթի սահմաններում քամու առավելագույն արագությունը կազմում Է վայրկյանում շուրջ 44 մետր:
Կանխատեսումների համաձայն՝ «Դորիանը» Հյուսիսային Կարոլինայի ափի մոտ կգտնվի նաեւ սեպտեմբերի 6-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: