Մամուլի տեսություն 27.10.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112941-Մամուլի_տեսություն_27.10.2019
Չնայած Սիրիայի հյուսիսում հայտարարված հրադադարին, Թուրքիայի նախագահը հանդես է եկել այդ տարածքում քրդերի դեմ հարձակումները վերսկսելու հայտարարությամբ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 27, 2019 13:11 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.10.2019

Չնայած Սիրիայի հյուսիսում հայտարարված հրադադարին, Թուրքիայի նախագահը հանդես է եկել այդ տարածքում քրդերի դեմ հարձակումները վերսկսելու հայտարարությամբ:

«Համշահրի» օրաթերթ

Էրդողանը զգուշացրել է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության վերաբերյալ

Թուրքիայի նախագահը վերստին զգուշացրել է, որ հավանաբար, առաջիկա օրերին Սիրիայի հյուսիսում կվերսկսվեն ռազմական գործողությունները:

Թուրքիայի նախագահը շաբաթ երեկոյան զգուշացրել է Սիրիայի հյուսիսում ևս մեկ հարձակում իրականացնելու կապակցությամբ:

Էրդողանն այդ մասին ասել է. «Եթե 150 ժամվա ընթացքում տարածքները չմաքրվեն ահաբեկիչներից, ապա այդ գործընթացն ինքներս կիրականացնենք»»:

Թուրքիայի նախագահը որոշ ժամանակ առաջ խոսելով այդ երկրի բանակի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող գործողությունների մասին, ասել էր, որ այդ գործողությունների նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է,  տարածքը ահաբեկիչներից մաքրելը, այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

 

«Ջամ-ե Ջամ» օրաթերթ

Ռոհանին Չմիավորման շարժման գագաթաժողովում հայտարարել է. «ԱՄՆ-ի կողմից  դաժան տնտեսական միջոցների կիրառումը տնտեսական ահաբեկչություն է».

Ընդգծելով, որ Չմիավորման շարժումը,  իր մեծ թվով բնակչության, հսկայական տարածքի  և միջազգային ֆորումներում ձայների իրավունքի վրա հենվելով, կարող է  ապագա բազմաբևեռ աշխարհում  ստեղծել  ուժի նոր բևեռ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավելել է.«Այս նպատակին հասնելու համար, անհրաժեշտ է ընկալել տարածաշրջանային ու միջազգային նոր իրողությունները և կիրառել ժամանակակից աշխարհի հնարավորություններն ու միջոցները»:

 

«Էըթեմադ» օրաթերթ

Աշխարհի ո՞ր տարաշրջաններում  ԱՄՆ-ը ռազմական ներկայություն ունի

Քանի՞ հազար զինծառայողներ  է ԱՄՆ-ն տեղակայել աշխարհի տարբեր կետերում: Ամերիկացի զորայինների ամենամեծ մասը գտնվում է Հյուսիսային Կորեայի մերձակայքում:

ԱՄՆ-ն Եվրոպայում և Միջին Արևելքում ևս մեծ թվով զինվորականներ է տեղակայել: 

 

«Իրան» օրաթերթ

Բողոքի ակցիաներ՝  ի պաշտպանություն Թրամփի իմպիչմենտի

Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտ սկսելու հարցը թեժանում է: Ձախամետ ակտիվիստները  «Ոչ ոք բարձր չէ օրենքից» կարգախոսով ծրագրում են ժողովրդական մեծ հանրահավաքներ կազմակերպել այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթացը պաշտպանելու նպատակով:

Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունների դեմ բողոքի ակցիաներն անցկացվելու են նախագահի իմպիչմենտի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկության շեմին:

«Ոչ ոք բարձր չէ օրենքից» կոալիցիան ուրբաթ օրը հայտարարել է, որ բողոքարարներն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների դիրքորոշումը վերջնականացվելու հետ միաժամանակ, տարածաշրջանային գրասենյակների առջև հանրահավաք են անցկացնելու և իրենց պատգամավորներից պահանջելու են աջակցելով Թրամփի իմպիչմենտի գործընթացին, հարգել Սահամանդրությունը և  հավատարիմ մնալ իրենց երդմանը: 

 

 

Armenpress.am

ՀՀ Վարչապետը հարգանքի տուրք մատուցեց հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած  ոճրագործության զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը ծաղիկներ դրեց ՀՀ Ազգային ժողովի բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնտեղ էին նաև ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, ոճրագործության զոհերի հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակում, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է:

Tert.am

ԱՄՆ-ում վերսկսվել են Թրամփի իմպիչմենթի գործով լսումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մասին գործով վկաների լսումները վերսկսվում են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: CNN-ի փոխանցմամբ՝ առաջինը ցուցմունք կտա դիվանագետ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

Նշվում է, որ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով օգնական ժ.պ. Ֆիլիպ Ռիքերը պետք է ցուցմունք տա երեք հանձնաժողովի առաջ, որոնք զբաղվում են նախագահի իմպիչմենթի հետաքննությամբ:

Նրա ելույթը հանձնաժողովների առաջ հետաձգվել էր Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հատուկ հանձնաժողովի նախագահ Էլայջա Քամինգսի մահվան կապակցությամբ տեղի ունեցող ոգեկոչման արարողությունների պատճառով:

Հայտնի են նաև մյուս վկաների անունները: Երկուշաբթի հանձնաժողովների առաջ ելույթ կունենա ազգային անվտանգության հարցերով խորհրդարանի նախկին տեղակալ Չարլզ Կուպերմանը, երեքշաբթի՝ Սպիտակ տան՝ Ուկրաինայի հարցով ազգային անվտանության խորհրդի գլխավոր փորձագետ Ալեքսանդր Վինդմանը, չորեքշաբթի՝ պաշտպանության նախարարի օգնական Քեթրին Ուիլբարգերը, հինգշաբթի՝ ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի հարցով գլխավոր խորհրդական Թիմ Մորիսոնը:

 

Irates.am

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ռուս-թուրքական բանակցությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և տեղեկացրել ռուս-թուրքական բանակցությունների մասին՝ հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Մակրոնը դրական է գնահատել արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: «Ընդհանուր առմամբ, Սոչիում կնքված հուշագրում ներկայացված միջոցները լավ հիմք են հանդիսանում անդրեփրատյան շրջանում իրավիճակի կայունացման համար և կնպաստեն սիրիական ճգնաժամի կարգավորմանը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: Կողմերը հույս են հայտնել նաև, որ Սահմանադրական հանձնաժողովի առաջին նիստը, որը նախատեսված է հոկտեմբերի 30-ին Ժնևում, կառուցողական և արդյունավետ կլինի:

 

1in.am

Իրաքյան հետախուզությունում հաստատել են՝ ԻԼԻՊ-ի պարագլուխը ոչնչացվել է

Տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ զինծառայողները կատարել են հատուկ գործողություն և ոչնչացրել են ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին, համապատասխանում է իրականությանը: Այս մասին հաղորդել է իրաքյան հետախուզության աղբյուրը՝ փոխանցում է INA գործակալությունը:

«Հետախուզությունում բարձրաստիճան աղբյուրը հաստատել է, որ ԻԼԻՊ-ի պարագլուխ ալ-Բաղդադին և խմբավորման իրաքցի հրամանատարները ոչնչացվել են սիրիական Իդլիբում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պարբերականի զրուցակիցը նաև ընդգծել է, որ Իրաքը նշանակալի դեր է կատարել գործողության անցկացման մեջ:

Իր հերթին երկրի անվտանգության ոլորտում աղբյուրը հաղորդել է նաև Reuters-ին, որ Սիրիայում հաստատել են ալ-Բաղդադիի ոչնչացման մասին տեղեկատվությունը:

 

News.am

Թրամփի անձնական փաստաբանը պատահաբար ձայնային հաղորդագրություն է ուղարկել լրագրողին Բայդենի ու Բահրեյնի մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին ձայնային փոստի միջոցով պատահաբար երկու հաղորդագրություն է ուղարկել NBC հեռուստաալիքի լրագրողին, հաղորդում է  BBC-ը:

Նշվում է, որ ձայնային հաղորդագրություններում Ջուլիանին խոսում է այն մասին, որ նրան փող է անհրաժեշտ, եւ մեղադրանք է հնչեցնում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենի հասցեին:

Հաղորդագրություններն ուղարկվել էին հեռուստաալիքում լրագրողական հետախուզությամբ զբաղվող Ռիչ Շապիրոյին ամսվա ընթացքում տարբեր օրերին:

Լրագրողի խոսքով՝ հաղորդագրություններն ուղարկվել էին, ըստ ամենայնի, կոճակներին պատահական սեղմումի հետեւանքով, որը երբեմն տեղի է ունենում, երբ հեռախոսը գտնվում է տիրոջ գրպանում:

Շապիրոն բաց էր թողել առաջին ձայնային հաղորդագրությունը սեպտեմբերի 28-ին. այդ օրը նա նշում էր իր դստեր ծննդյան տոնը: Դրա նախորդ օրը Ջուլիանին հարցազրույց է տվել թղթակցին:

Առաջին հաղորդագրության մեջ Թրամփի փաստաբանը անհայտ անձի հետ զրույցի ժամանակ քննադատել է Բայդենների ընտանիքին: Նա հայտարարել է, որ լինելով սենատոր՝ Ջո Բայդենը «փորձում էր սակարկել», եւ անգամ մեղադրել էր նրան Ուկրաինայում հետաքննությունը դադարեցնելու մեջ որդուն՝ Հանթերին, պաշտպանելու նպատակով:

«Նա նույնկերպ էր վարվել նաեւ Չինաստանում: Եւ փորձում էր դա անել Ղազախստանում ու Ռուսաստանում»,-հեռուստաալիքը հաղորդում է Թրամփի փաստաբանի խոսքերը:

Երկրորդ հաղորդագրության մեջ, որը ուղարկվել էր լրագրողին հոկտեմբերի 16-ին, Ջուլիանին անհայտ անձի հետ զրույցի ժամանակ խոսել է այն մասին, որ իրեն անհրաժեշտ է մի քանի հարյուր հազար դոլար: Բացի այդ, Թրամփի փաստաբանն ինչ-որ բան է ասել Բահրեյնի եւ Ռոբերտ անունով մարդու մասին: