Թեհրանն Իրանի հարևան երկրների քաղաքա-տնտեսական դիվանագիտության կենտրոնը
Իրանի մայրաքաղաք Թեհրանն այս շաբաթվա ընթացքում հյուրընկալել է հարավային ու հյուսիսային հարևան երկրների նախարարներին: Այս շաբաթ Թեհրանում տեղի է ունեցել նաև տարածաշրջանային համագումար:
Հարևան երկրների հետ համագործակցությունն Իրանի իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այս շրջանակում, Իրանի ու հարևան երկրների պաշտոնյաների ուշադրության կենտրոնում են եղել երկկողմ համագործակցությունների ընդլայնման ուղիները: Հարևան երկրների տնտեսական մեծ պոտենցիալը և կրոնական, լեզվային ու մշակութային ընդհանրություններն Իրանին ու հարևան երկրներին մղել են ընդլայնելու իրենց համագործակցությունները:
Իրանի հյուսիսային, հարավային, արևելյան ու արևմտյան հատվածներում շուկայի բազմազանությունը լավ հնարավորություն է ընձեռել իրանցի գործարարներին ու Իրանի արտադրական ընկերություններին, որպեսզի վերջիններս շարունակական խորհրդակցություններով և հարևան երկրների կարիքները հաշվի առնելով որակյալ ապրանքներ արտադրելուց բացի, ակտիվ ներկայություն ունենան թիրախային շուկաներում ու բավարարեն նրանց կարիքները:
Թեհրանում Իրան-Եվրասիա համագումարի կայացման նպատակն էր իրանցի գործարարներին և իրանական ընկերությունները ներկայացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին: Իրանը և ԵԱՏՄ-ն համագործակցելով միմյանց հետ, հանդիսանում են հյուսիսը հարավին միացնող օղակը:
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը «Եվրասիա-Իրան» առևտրային համագումարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով տնտեսական պատժամիջոցների դեմ պայքարին ուղղված տարածաշրջանային ու արտատարածաշրջանային կազմավորումների ստեղծմանն ասել է. «Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, հաջող օրինակ է պատժամիջոցները հնարավորության վերածելու համար»:
Այդ համագումարից բացի, Թեհրանն այսօր հյուրընկալել է Իրանի էներգետիկայի նախարարի գլխավորած քաղաքային ջրի կառավարման տարածաշրջանային կենտրոնի կառավարիչների խորհրդի 10-րդ նիստը՝ 16 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստը կարևորագույն միջազգային իրադարձություններից է՝ ջրային քաղաքականության մշակման, որոշումների կայացման, ջրհեղեղի և երաշտի կառավարման, ջրի որակի և ջրազրկման հարցերում փորձի փոխանակման համար:
Թեհրանում քաղաքային ջրի կառավարման տարածաշրջանային կենտրոնի կառավարիչների խորհրդի 10-րդ նիստի անցկացումը կրկնակի նշանակություն ունի Իրանի ազգային շահերի հետապնդման, ջրային դիվանագիտության, սահմանային գետերի, ջրօգտագործման ընդհանուր ռեսուրսների և տեխնիկական ու ինժեներական ծառայությունների ներկայացման ոլորտներում: Այլ խոսքով, այս տարածաշրջանային նիստը լավ հնարավորություն է՝ զարգացնելու իրանական ընկերությունների տեխնիկական և ինժեներական ծառայությունները՝ հարևան շուկաներում ակտիվ ներկայություն ունենալու համար:
Որպես օրինակ՝ Իրանը և Սիրիան, համաձայնության են եկել Սիրիայում իրանական ընկերությունների ներկայության և երկու երկրի համագործակցության շուրջ: Իրանի էներգետիկայի նախարարն այս կապակցությամբ Թեհրանում Սիրիայի ջրային ռեսուրսների նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Իրանական ընկերությունները մասնակցելու են Սիրիայի կոյուղու և ջրամատակարարման ցանցի վերականգնման գործին»:
Օմանի ԱԳ նախարար Յուսիֆ բին Ալավիի, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆայևի, Տաջիկստանի էներգետիկայի նախարար Օսման Ալի Օսմանզադեի, և Ղազախստանի էկոնոմիկայի ու տրանսպորտի նախարարներ Սանջար Մեքանբատուֆի և Ժանաթ Բիշնոֆի ներկայությունը Թեհրանում, Իրանի մայրաքաղաքն այս շաբաթ դարձրեց հարևան երկրների դիվանագիտական կենտրոնը: Թեհրանում ծավալուն խորհրդակցությունների ուղերձն է՝ տարածաշրջանային խաղաղությունն ու անդորրը ՝ հարևան ու տարածաշրջանի երկրների շահերի ապահովման նպատակով: