Մամուլի տեսություն 10.12.2019
Ֆրանսիայում բանվորները գործադուլ են հայտարարել, որը կաթվածահար է արել երկիրը: Ցուցարարները հայտարարել են, որ շարունակելու են բողոքել, մինչև իրենց պահանջների իրականացումը
Քեյհան օրաթերթ
Միլիոնավոր ֆրանսիացիներ, երկրում սկսված լայնածավալ գործադուլի պատճառ, դժվար կացության մեջ են հայտնվել
Անցած հինգշաբթի օրվանից Ֆրանսիայում սկսված գործադուլը շարունակվում է:
Ֆրանսիայի պետական ու մասնավոր ոլորտների մեծ թվով բանվորներ, ի նշան բողոքի Մակրոնի կառավարության տնտեսական կոշտ քաղաքականության և կենսաթոշակային բաերփոխումների ծրագրի դեմ, գործադուլ են հայտարարել:
Մակրոնի ասելով, թոշակառուների ներկա նպաստի համակարգը ծախսատար է ու անարդար: Նա նպատակ ունի փոփոխել կենսաթոշակային ծրագիրը, վերանայելով որոշ ախատանքների դիմաց տրամադրվող արտոնությունները, որպեսզի բոլոր աշխատողների թոշակը բարձրանա:
Սակայն տրանսպորտի ոորտի բանվորները, հատկապես երկաթուղայինները, չեն ընդունում Մակրոնի ծրագիրը և սպառնացել են շարունակել գործադուլը:
Գործադուլին միացել են նաև ուսուցիչները, օդանավակայանների աշխատակիցները, փաստաբանները, հիվանդանոցները, դպրոցները, մետրոն, ոստիկանությունը և բեռնատարների վարորդները:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Ռոհանիի Ճապոնիա կատարելիք այցի նպատակը
Վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի նախագահը, գոնե առերևույթ, փոխել է Իրանի հետ խոսելու իր ոճը:
Թրամփը փորձում է Իրանին ճնշման ու պատժամիջոցների ենթարկելով և ռազմական սպառնալիքների միջոցով, հրավիրել բանակցելու և պարտադրել իր պայմանները: Սակայն ընտրությունների շեմին, հատկապես Ջոն Բոլթոնին պաշտոնանակ անելուց հետո, նա փոխել է իր քաղաքականությունը:
Իսկ այսօր արդեն ներկայացվել է ԱՄՆ-ի ու Իրանի միջև միջնորդության հարցը, որը ներկայացրել է ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն: Առաջիկայում Ռոհանին մեկնելու է Ճապոնիա, հանդիպելու Աբեի հետ:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը Ճապոնիային խնդրել է հանդիպման արդյունքները ներկայացնել Վաշինգտոնին:
Իսամական հանրապետություն օրաթերթ
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ. Առանց ռուսների էլ կարող ենք շարունակել կայուն իզոտոպների արտադրությունը
Իրանի ատոմային էներգիայի խոնսակը հավելել է, որ Ռուսաստանը հրաժարվել է վերոնշյալ նախագծից, քանի որ Միացյալ նահանգները պատժամիջոցային արտոնությունները չի երկարաձգել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Բեհռուզ Քամալվանդին նշել է, որ Իրանում գոյություն ունի տեխնիկական գիտություն և Թեհրանը, ցանկության դեպքում, կարող է շարունակել կայուն իզոտոպների արտադրությունը, քանի որ այս պահին միջուկային արդյունաբերության համար անհնարին բան չկա:
Շահրվանդ օրաթերթ
Անվախ, սակայն բովանդակալից քննադատություն
Խոսելով այն մասին, որ ուսանողը երկրի այն խավն է, որ ճշմարտություն է փնտրում, ԻԻՀ նախագահը նշել է. «Ուսանողը պետք է նաև ունենա իրականությունը ճիշտ գնահատելու կարողություն: Ուսանողը պետք է կարողանա առանց վախի քննադատել բացասական երևույթները: Միևւնույն ժամանակ, քննադատությունը պետք է լինի բովանդակալից»:
Երկուշաբթի օրը, ուսանողի օրվա կապակցությամբ մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով այն մասին, որ կառավարությունն ունի իր սխալներն ու ընդունում է կառուցողական քննադատություն, Հասան Ռոհանին նշել է. «Իշխանությունը պետք է քննադատության ենթարկվի, հակառակ դեպքում կշեղվի իր ուղուց: Ուսանողները պետք է կարողանան առանց վախի քննադատել իշխանություններին»:
armenpress.am
Հայաստանի և Վրաստանի նախարարությունների միջև մշտապես առկա է փոխշահավետ գործակցություն. Բադասյան
Հայաստանի և Վրաստանի միջև գործընկերային քննարկումները հնարավորություն են ընձեռնում համատեղ ջանքերով լուծելու արդարադատության ոլորտում ծառացած խնդիրները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Հատկանշական է, որ հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը այս տարի անցկացվում է դեկտեմբերի 9-ին և 10-ին, որը համընկնում է Կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության օրերի հետ: Այս համատեքստում ֆորումի կազմակերպումն այս օրերին ևս մեկ անգամ վերահաստատում է երկու բարեկամ երկրների արդարադատության նախարարությունների գործողությունները կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելու ուղղությամբ»,- նշեց Բադասյանը:
Նախարարի խոսքով` վերջին տարիներին փոխադարձաբար Երևանում և Թբիլիսիում կազմակերպվել են իրավական համագործակցության երկու ֆորումներ, որոնց ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված մի շարք հարցեր:
«Համագործակցության այդպիսի ձևաչափը հնարավորություն է ընձեռում կողմերին կիսել իրենց երկրների փորձը, ձևավորել գործընկերային ջերմ հարաբերություններ, կազմակերպել երկու երկրների արդարադատության նախարարությունների աշխատակիցների շփումներ և այլն: Համոզված եմ, որ բարեփոխումների ճանապարհին միմյանցից սովորելու և մարտահրավերներին միասին դիմակայելու մեծ հնարավորություն է ստեղծված: Միևնույն ժամանակ, նմանատիպ քննարկումները մեզ հնարավորություն կընձեռեն համատեղ ջանքերով լուծելու արդարադատության ոլորտում ծառացած խնդիրները»,- եզրափակեց Բադասյանը:
armenpress.am
«Վրացական երազանքը» լքում Է եւս մեկ պատգամավոր, տարեսկզբից՝ արդեն 16-րդը
: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից պատգամավոր Ալեքսանդր Էրկվանիան հայտարարել Է երկրում վերջին իրադարձությունների պատճառով խորհրդարանական մեծամասնությունից հեռանալու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Էրկվանիան Վրաստանի իններորդ գումարման խորհրդարան Էր անցել կառավարող կուսակցության ցուցակներով: Նա դարձել Է 16-րդ պատգամավորը, որը տարեսկզբից հեռացել Է խորհրդարանական մեծամասնությունից: Նրանցից շատերը հեռացել են 2020 թվականից խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական ուղղումների՝ նոյեմբերի 14-ի ձախողումից հետո:«Ցավոք, բնակչության մեջ տիրում Է նիհիլիզմն ու անհուսությունը: Մեծամասնությունը թերահավատ Է երկրի ապագայի նկատմամբ, ամեն տեղ լուրջ խնդիրներ են ու լճացում: Երկրում ամեն օր խորանում Է քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը, լիակատար քաոս Է ու խառնաշփոթություն: Իսկ քաղաքական գործիչները պատասխանատվություն չեն կրում Աստծո, ազգի ու երկրի առջեւ: Պայքար Է ընթանում միայն իշխանության, փողի եւ անձնական բարեկեցության համար»,-լիագումար նիստից հետո լրագրողներին ասել Է Էրկվանիան:Էրկվանիան չի պատրաստվում լքել խորհրդարանը: Նա որոշել Է աշխատանքը շարունակել որպես անկախ պատգամավոր, հաղորդել Է Sputnik-ը:
panarmenian.net
Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին (վիդեո)
Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին:
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը, վայելելու Ամանորի տոնական ներկայացում-մյուզիքլն ու մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացմանը, ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Նոր տարին սկսվում է հեքիաթի սպասումով: Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին արի՛ Հանրապետության հրապարակ ու Երևանի 2750-ամյակի պուրակ: Մենք սպասում ենք ձեզ»,-ասվում է գրառման մեջ:
panarmenian.net
Կրակոցներ չեխական հիվանդանոցում. 6 մարդ է զոհվել
Չեխիայի Օստրովա քաղաքի հիվանդանոցներից մեկում հնչած կրակոցներից առնվազն 6 մարդ է զոհվել: Եվս 2-ը ծանր վիրավորվել է: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը չեխական ռադիոյին տված հարցազրույցում:
Սկզբից հաղորդվել էր 4 զոհի մասին:
Անհայտ անձը կրակ է բացել հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում: Ոստիկանությունը Twitter-ում հրապարակել է ենթադրյալ հանցագործի լուսանկարը՝ խնդրելով օգնել նրան ձերբակալելու գործում, ինչպես նաև առավելագույն զգուշավորություն ցուցաբերել, գրում է Deutsche Welle-ն:
Տեղի ունեցածի դրդապատճառները դեռ անհայտ են: Պատահարի վայրում ոստիկանության հատուկ նշանակության ուժեր են աշխատում: