Մամուլի տեսություն 21.12.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114797-Մամուլի_տեսություն_21.12.2019
Այս գիշեր իրանական յալդայի գիշերն է: Տարվա ամենաերկար գիշերը, որ տոնում են իրանցիները:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Դեկտեմբեր 21, 2019 14:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.12.2019

Այս գիշեր իրանական յալդայի գիշերն է: Տարվա ամենաերկար գիշերը, որ տոնում են իրանցիները:

«Մարդոմսալարի»

Տարվա ամենաերկար գիշերվա տոնակատարությունը

Այս գիշեր իրանական «Յալդայի» կամ «Չիլլայի» (քառասնօրյակի) գիշերը՝ տարվա ամենաերկար ու ձմեռվա առաջին գիշերը և իրանցիների կողմից ամենսիրված տոնն է:

Ուրախությունը իրանական տոների հիմքն է: Իրանի շրջկենտրոններում Չիլլայի գիւշերվա ծեսերն ավելի տարածված են:

Դեհխոդայի բառարանում Յալդայի և Ս. Ծննդյան տոների հարաբերության մասին ասված է.«Արամերեն լեզվի բառերից է և արաբական ծնունդ բառի համարժեքն է և քանի որ յալդայի գիշերը համեմատել են Քրիստոսի ծննդյան հետ հետևաբար տոնը այսպես են կոչել: Պետք է նկատի ունենալ, որ դեկտեմբերի 25-ը իրականում Միթրայի (Միհր) հայտնության տոնն է: Այդ օրը 4-րդ դարում քրիստոնյաները նշանակել են որպես Քրիստոսի ծննդյան տոն»:

 

Իսլամ աշխարհում Սաուդցիների հեղինակության հասցված երկրորդ հարվածը

Իսլամական երկրների ղեկավարների Կուալա Լումպուրում կայացած վերջին նստաշրջանում Սաուդյան Արբիան ներկա չէր: Այն պատրվակով, որ այս նիստը հարմար վայր չէ ավելի քան 1 մլրդ. 700 մլն. մուսուլմանների դժվարությունները քննարկելու համար, Ռիադը չմասնակցեց այս նիստին: Դա այն դեպքում, երբ փորձագետների համոզմամբ, Սաուդյան Արաբիայի Կուալա Լումպուրի նիստին չմասնակցելու հիմնական պատճառը տարածաշրջանային մրցակիցների այդ թվում Իրանի, Կատարի և Թուրքիայի ներկայության բերումով դիվանագիտական մեկուսացման վախն է եղել:

 

«Քեյհան»

Ռոհանի.«ԱՄՆ-ի անհավատարմությունը վտանգել է համաշխարհային խաղաղությունը

Հասան Ռոհանին, ով Ճապոնիայի վարչապետի պաշտոնական հրավերով այդ երկրի է այցելել, ուրբաթ օրը Շինզո Աբեի հետ համատեղ բանակցության ընթացքում շեշտել է.«Տարածաշրջանի ու հարևան երկրների հետ համագործակցությամբ Իրանը շարունակ ջանքեր է գործադրել տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության ու հանդարտության հաստատման համար և այս ուղղությամբ նամակներ է հղել տարածաշրջանի երկրների ղեկավարներին»:

Բարձր գնահատելով Ճապոնիայի կողմից Հորմոզի խաղաղության նախագծին ցուցաբերված աջակցությունը, Ռոհանին նշել է.«Տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցում, Իրանը մշտապես գործադրել է իր հանձնառությունները և մենք համոզված ենք, որ Պարսից Ծոցի անվտանգությունը խափանվել է արտատարածաշրջանային երկրների կողմից»:

 

«Ջոմհուրի Էսլամի»

Կոնգրեսում Թրամփի իմպիչմենտի հետևանքները

Թվիթերում արված գրառման մեջ, ԱՄՆ նախագահն ի պատասխան Նենսի Փելոսիի որոշմանը՝ մինչև դատավարության մանրամասների պարզվելը Թրամփի իմպիչմենտի գործը Սենատ չուղարկելու մասին, ԱՄՆ նախագահն ասաել է, որ ցանկանում է անհապաղ դատաքննության ենթարկվել:

Սպուտնիկի հաղորդմամբ, այն բանից հետո երբ ներկայացուցիչների պալատի պատգամավորները վավերացրել են ԱՄՆ նախագահի իմպիչմենտի բանաձևը, կետերը Թրամփը հայտարարել է.«Դեմոկրատները չեն իրականացրել իմպիչմենտի պատշաճ գործընթաց և ինձ մերժել են որևէ բանի հասանելիությունը, ներառյալ փաստաբանները, վկաները և այլն»:

 

armenpress.am

Զինված ուժերը համալրվել են հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը համալրվել են ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով: 2019թ. արտադրության: Սա այս տարվա մեր ամենակարեւոր ձեռքբերումներից է: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է»,- գրել է Փաշինյանը:

 

armenpress.am

ՀՀ նախագահն այցելել է Արցախի Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական գումարտակ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական առանձին թիվ N գումարտակ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը զրուցել է զինծառայությունն իրականացնող զինվորների ու սպաների հետ, ծանոթացել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, սննդի կազմակերպման նոր հնարավորություններին։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահը նշել է, որ լավ տպավորություններ է ստացել շրջայցից և, մասնավորապես, զինվորների սննդի կազմակերպման նոր հնարավորություններից։

 «Կարևոր է, որ զինվորն այսօր ունի ուտելիք ընտրելու և առողջ սնվելու հնարավորություն։ Զինվորի համար իր սնունդը և հիգիենան շատ էական և կարևոր են։ Շենքն ի սկզբանե զորանոցի համար նախատեսված չի եղել և հետևաբար ունի թերություններ, որոնք ժամանակի ընթացքում պետք է կարգի բերվեն։ Շինարարական և սակրավորական ծառայությունները մեր բանակում շատ կարևոր են, այնպես որ, բոլորս պետք է աջակցենք, որ սակրավորները և շինարարներն իրենց գործը բարձր որակով կատարեն: Զինվորները, որոնց հանդիպեցի, ուրախ են ծառայության համար, հպարտ են, որ ծառայում են Արցախում»,-նշել է նախագահը:

 

armenpress.am

Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող անձը ձերբակալվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող անձը ձերբակալվել է: Նրա կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնվել է ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթին: Անձը, որն առերևույթ իրականացրել է տուժողների վրա ներգործելուն ուղղված գործողություններ, ձերբակալվել է»,- նշեց Խաչատրյանը:

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով եւ արդյունքներով նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

«Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ, խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում ի թիվս այլ գործողությունների կատարվել են խուզարկություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

news.am

Հայաստանի եւ Արցախի անվտանգային մարտահրավերներն անբաժանելի են միմյանցից. Էդուարդ Մարտիրոսյանը՝ Արցախում

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների  ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այցի ընթացքում Է. Մարտիրոսյանին ընդունել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը: Քննարկվել են հայկական երկու պետությունների անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ ՀՀ եւ ԱՀ ԱԱԾ կառույցների փոխհամագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Է. Մարտիրոսյանը մասնակցել է նաեւ ԱՀ ազգային անվտանգության ծառայության մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր նիստին, որին ներկա է եղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ Է. Մարտիրոսյանն իր ելույթում նշել է. «Արցախի պետականության հիմքերի, սահմանադրական կարգի եւ անվտանգության պահապանը մեր ողջ ժողովուրդն է, բայց առաջին հերթին եւ առաջին շարքերում դուք եք, հարգելի գործընկերներ: Համոզված եմ, որ ձեր մասնագիտական բարձր որակները, հմտություններն ու կարողություններն այսուհետեւ եւս ծառայեցնելու եք առկա վտանգները չեզոքացնելու գործին, ինչը հաջողությամբ արել եք տասնամյակներ շարունակ:

ՀՀ եւ ԱՀ անվտանգային մարտահրավերներն անբաժանելի են միմյանցից, եւ մենք անելու ենք մեզանից կախված հնարավորն այդ անբաժանելի անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահովելու համար»:

Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, ինչպես նաեւ մասնագիտական տոնի առթիվ Է. Մարտիրոսյանի հրամաններով ԱՀ ԱԱԾ ղեկավարը, տեղակալաները եւ մի շարք ծառայողներ պարգեւատրվել են մեդալներով, կրծքանշանով եւ արժեքավոր նվերով:

 

news.am

Ոչնչանում են Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցու ավերակները. Ահազանգ

«Հայարտուն» կրթամշակութային եւ երիտասարդության կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Վիրահայոց թեմի մամլո դիվանի հայտարարությունը:

«Առանց տանիքի, փլուզված պատերով եւ աղբանոցի վերածված Սուրբ Մինաս եկեղեցին Թբիլիսիի կենտրոնում իր օրհասական օրերն է ապրում: Անընդհատ ոչնչանում են երբեմնի կանգուն հինավուրց հայոց եկեղեցու հետքերը: Դեռեւս 2014 թվականին փլուզված տանիքով եկեղեցին շարունակում է շրջապատին հիշեցնել, որ այստեղ մի ժամանակ գործել է հպարտորեն վեր խոյացած Աստծու տունը: Օրերս եկեղեցու վերացման վտանգը առավել բացահայտ դարձավ:

2019 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ի մոտերքում հրշեջ ծառայությունում ստացված ահազանգի հիման վրա հրշեջների շնորհիվ եկեղեցին փրկվեց հիմնովին ոչնչանալուց: Կործանման եզրին կանգնած, անւշադրության մատված Աստծու տունը սպասում է իր վերջնական վախճանին, իսկ դրան նպաստում են շրջապատի բնակիչները, ովքեր բացահայտորեն ցանկապատում, պահեստանոցի եւ օժանդակ շինությունների են վերածում եկեղեցին ու նրա տարածքը, չօգտագործած մասը թողնելով անօթեւան մարդկանց քմահաճույքին:

Մտավախությունը Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմինն է: Եկեղեցին միշտ գտնվել է թեմի ուշադրության կենտրոնում, սակայն թեմը չի կարող հոգ տանել եկեղեցու մասին, քանի որ այն վրացական եկեղեցու կազմած «վիճահարույց» եկեղեցիների ցանկում է, որոնց «ճակատագիրը» տարիներ շարունակ մնում է անորոշ: Սուրբ Մինաս եկեղեցին վիճահարույց չէ: Այն հայկական եկեղեցի է եւ պետք է վերադարձվի թեմին:

Թե՛ Վիրահայոց թեմը, թե՛ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բազմիցս դիմել են Վրաց Ուղղափառ եկեղեցուն, որպեսզի Թեմին վերադարձվեն հայկական եկեղեցիներն ու թեմը հոգ տանի դրանց մասին: Բազմաթիվ նամակներ են հղվել Վրաստանի իշխանություններին, պատկան մարմիններին, ներկայացվել է եկեղեցու վիճակը, սակայն ոչ մի փոփոխություն: Հուսանք, որ իշխանությունները եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցին այնուամենայնիվ լրջորեն կմոտենան քրիստոնեական տաճարի ոչնչացման հարցին:

Երեւանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին գտնվում է Հավլաբար թաղամասի Նոր Էջմիածին գործող եկեղեցուց ոչ հեռու: Պահպանված տվյալների համաձայն` Սուրբ Մինասը կառուցվել է 1790 թվականին: Սկզբնական շրջանում եկեղեցին մեծ կառույց չի եղել, եւ 1870 թվականին անհրաժեշտություն է առաջացել առավել մեծացնել եկեղեցու շինությունը: 1883թ. հունվարի 2-ին հին եկեղեցու տեղն արդեն խոյացել է Երեւանցոց Սուրբ Մինասը: Խորհրդային տարիներին եկեղեցին զրկվել է գմբեթից եւ օգտագործվել որպես արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից հետո Երեւանցոց Սուրբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թվին է դասվել»: